Գյումրին Հայաստանի կոլորիտային քաղաքներից է՝ իրեն բնորոշ «համ ու հոտով»։
Հենց այս կոլորիտը ողջ աշխարհին հայտնի դարձնելու համար մեկնարկել է «Գյումրի քաղաքի բրենդավորում» ծրագիրը, որի մտահղացումը պատկանում է Deem Communications ընկերությանը։ Աշխատանքները սկսվել են մարտ ամսին, և ծրագրի իրականացման նպատակն է զարգացնել Գյումրին։
Այս մասին տեղեկացրեց Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիպլյանը։
Գյումրու կոլորիտը
Գյումրու հմայքին ծանոթ է ողջ կամ գրեթե ողջ հայությունը։ Հայաստանից դուրս ապրող օտարերկրացիները շատ քիչ պատկերացում ունեն Գյումրու մասին կամ բոլորովին չունեն. Չգիտեն Գյումրու կոլորիտի՝ ֆայտոնի, բարբառի, հումորի, սառնորակ ջրի ու, ամենագլխավորի, որ շատ է կարևորում հենց գյումրեցին, պատվի զգացողության մասին։ Գյումրին ու գյումրեցուն անհնար է պատկերացնել առանց «ի՞նչխ թե», «ծո», «քա, վա՜յ», «հըբը՛» և այլ մի շարք արտահայտությունների և սրամիտ հումորների։ Գյումրին հանրությանն է ներկայանում նաև իր դյուցազուն մարզիկներով, չեմպիոններով՝ Յուրի Վարդանյան, Վարդան Միլիտոսյան, Արթուր Ալեքսանյան, Գոռ Մարտիրոսյան… Նրանց մասին պատմություններն էլ քաղաքի կոլորիտի մաս են կազմում։ Այդ ամենը ամբողջանում է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շնորհիվ, որտեղ սովորում են տեղեկատվական տեխնոլոգիաների ապագա մասնագետները։
Գյումրու բրենդավորման մտահղացումը
2014 թվականին, երբ Գյումրիում կազմակերպվել էր Եվրոպայի օր, Deem Communications ընկերությունը քաղաքապետին առաջարկել է զարգացնել քաղաքի բրենդը։ Տարիներ են անցել մինչև այդ միտքը հասունացել և այժմ իրականություն դառնալու ճանապարհին է։ Մարտ ամսին քաղաքապետարանից վերջնական հանձնարարություն են ստացել, որ արդեն կարող են սկսել աշխատել Գյումրու բրենդի ստեղծման ուղղությամբ։ Բրենդը լոգո և կարգախոս չէ, այլ ընդհանուր մի հոգեբանություն՝ մարդկանց պատկերացումները Գյումրու մասին։
Բրենդավորման հայեցակարգը
Գյումրին կունենա իր հայեցակարգը, որը կներկայացվի դեկտեմբեր ամսին։ Հիմա ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ճարտարապետները, մշակութային ոլորտի աշխատողները փորձում են քարտեզավորել, թե որոնք են այն վայրերը, որոնք պետք է ներկայացվեն Գյումրի այցելող յուրաքանչյուրին։ Օրինակ՝ Հայաստան եկող ցանկացած զբոսաշրջիկի առաջարկում են այցելել Գառնի, Գեղարդ, Սևան և այլն, նույն հստակությունը պետք է լինի նաև Գյումրու դեպքում։ Նպատակ կա հստակ ունենալ մի հայեցակարգ, թե Գյումրին ներկայացնելիս ինչ է պետք նախ պատմել, օրինակ՝ ինչպես ընդհանուր Հայաստանի մասին խոսելիս ասվում է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը, ցեղասպանություն են ապրել և այլն։ «Մի քանի կետեր կան, որոնք կրկնվում են բոլորի մոտ Հայաստանի մասին պատմելիս։ Նույնը պետք է անել նաև Գյումրի քաղաքի համար։ Այս ամենում ներգրավելու ենք փոքր և միջին բիզնեսը, կառավարական մարմինները, զբոսաշրջության կոմիտեն, տեղեկատվական կենտրոնի, քաղաքապետարանի աշխատակիցներին, ում պատմելուց հետո Գյումրու մասին առաջին տեղեկատվությունը հստակ, սպառիչ ու հետաքրքիր կլինի»,- ասաց Րաֆֆի Նիզիպլյանը։
Բրենդավորման մեթոդոլոգիան
Հարցումներ են իրականացվել և կլոր սեղանների շուրջ քննարկումներ են եղել հայտնի մարդկանց հետ։ Եղել են նաև առցանց հարցումներ Հայաստանում և Սփյուռքում, և արդեն կա մոտ 300 պատասխան։ Պատասխաններից պարզ է դարձել, թե ինչն է մարդկանց մոտ ասոցացվում Գյումրու հետ՝ չեմպիոնները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, արհեստը, արվեստը։ Յուրաքանչյուր ոլորտում շատ հետաքրքիր բաներ են ներկայացված։ Բարբառն ու հումորը նույնպես անբաժան մաս են կազմում Գյումրու բրենդավորման աշխատանքներում։ Շուտով աշխատանք է տարվելու նաև դիզայներների հետ։
Բրենդավորումից մինչև բիզնեսի զարգացում
Զուգահեռ գրվում է 2018-2020 թվականների ռազմավարությունը, թե ինչ պետք է անել բրենդավորումից հետո։ Հիմա աշխատանքներ են տարվում Հոլանդիայի մասնագետների հետ, ում հրավիրելու են Գյումրի՝ ԹՈւՄՈ-յի հետ համատեղ սեմինարներ անցկացնելու նպատակով։ Պետք է հասկանալ, թե բրենդն ունենալու դեպքում ինչպես կարելի է բիզնես զարգացնել։ «ՓՄՁ-ները կարող են շապիկների վրա տպել Գյումրու կոլորիտային վայրերը, կամ բարբառից որևէ արտահայտություն, քաղաքի wifi-ի գաղտնաբառը լինի հումորային որևէ խոսք, ռեստորաններում ճաշացանկը բացելիս անեկդոտ գրված լինի և այլն»,- նշեց Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրենը։ Չեմպիոնների վերաբերյալ նրանք պատրաստվում են առաջարկ անել, որպեսզի իրենք ավելի տեսանելի դառնան, այսինքն՝ պետք է նրանց անունները զուգորդել Գյումրու անվանման հետ և ոչ ընդամենը ասել հայազգի չեմպիոն։ Նպատակ կա ստեղծել մի մարզական վայր, որտեղ ցանկացած այցելու կկարողանա ուսումնասիրել չեմպիոնների կենսագրությունները, հաղթանակներն ու մեդալները։
«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրուքաղաքապետարանի աջակցությամբ։