«Ես խաբվել եմ». Ջիգարխանյանը հիվանդանոցից թատրոն է գնացել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Ես խաբվել եմ». Ջիգարխանյանը հիվանդանոցից թատրոն է գնացել. armeniasputnik.am

Թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանն հիվանդանոցից դուրս գալով, այցելել իր անունը կրող հարազատ թատրոն:

«Կոմսոմոլսկի պրավդայի» թղթակիցը այցելել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն և պատմել, թե ինչպես են այնտեղ դիմավորել հայտնի դերասանին:

«Թատերախումբն իր ղեկավարին սպասում էր դեռ անցյալ շաբաթվա վերջին: Ծաղկեփունջ էին գնել, որն արդեն հասցրել էր թառամել: Սակայն անկախ դրանից, հանդիպումը ջերմ էր: Դերասանուհիները ողջագուրվել և համբուրել են Ջիգարխանյանին: Թատերախմբի տղաներն ավելի զուսպ ողջույնով են սահմանափակվել»,- գրում է պարբերականը:

Ոչ ոք չէր պատրաստվում ձևացնել, թե թատրոնում ոչինչ տեղի չի ունենում, իբր գեղարվեստական ղեկավարը պարզապես վերադարձել է հիվանդությունից հետո: Բացի այդ Ջիգարխանյանն ինքն էլ աշխատակազմի հետ ժողովը վճռական տոնով սկսեց:

«Վատ մարդիկ մեր թատրոնից պետք է հեռանան: Հիմա ես անուններ չեմ տա: Մտադիր չեմ ինչ-որ միջոցներ ձեռնարկել, հեռացնել… Սակայն, կարծում եմ, 2-3 օրվա ընթացքում այդ մարդիկն ինքուրույն այդ որոշումը կկայացնեն»,- ասել է Ջիգարխանյանը:

Քանի որ Արմեն Բորիսովիչը ոչ մի անուն չի նշել, շատերը, գուցե և բոլորն, այդ խոսքերն իրենց են վերագրել:

«Ես ուզում եմ, որ մեր թատրոնում բարձր դրամատուրգիա լինի, ոչ թե այն, ինչ հիմա է: Վաղուց պետք է Մոլիեր բեմադրած լինեինք… Երջանիկ եմ, որ հիվանդանոցից անմիջապես թատրոն եմ եկել: Առջևում մեզ սպասվում է աշխատանք, աշխատանք ու կրկին աշխատանք…»,- ավելացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Պարբերականը գրում է, որ Ջիգարխանյանն ավելի հյուծված տեսք ուներ, քան առաջ:

«Կյանքում կարելի է լավ խաբվել, ինչպես ես խաբվեցի: Ցավոք, հանդիպում են մարդիկ, որոնք այնքան էլ վստահելի չեն…»,- ասել է նա:

Գեղարվեստական ղեկավարը մեծ ծրագրեր ունի. պատրաստվում է փոխել խաղացանկը, որը նրան, ինչպես պարզ դարձավ, այդքան էլ չի գոհացնում:

Թե թատրոնից հետո ուր է գնացել ԽՍՀՄ արտիստը, դեռ գաղտնի է պահվում: Արմեն Բորիսովիչը պարզապես ասել է, որ ամեն առավոտ հիվանդանոց է գնում բուժում ստանալու:

armeniasputnik.am