Լեռա Կուդրյավցևայի «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը չկարողացավ զսպել արցունքները` իր մոր մասին պատմելիս։ Կուդրյավցևայի այն հարցին, թե արդյո՞ք Ալեքսեյը հիշում է մոր` Լիլյա Ավանեսովայի հետ (ծնունդով արցախցի) վերջին զրույցը, Չումակովը ձեռքերով փակեց աչքերն ու չկարողացավ պատասխանել։
«Սա՞ էիք ուզում։ Ստացաք։ Հիշում եմ, իհարկե։ Ինչո՞ւ եմ ես լալիս ամբողջ երկրի առաջ… Չեմ կարող պատմել այդ մասին ամբողջ երկրին… Նա ինձ երջանկություն մաղթեց», – ասել է Չումակովը ծրագրի ընթացքում։
Մոր մահից հետո Ալեքսեյը մի պարզ ճշմարտություն հասկացավ, որով ցանկանում է ասել բոլորին` պետք է խոնարհաբար ընդունել ծերությունն ու մահը։ Ալեքսեյի մայրը յոթ տարի առաջ է մահացել, լյարդի ցիռոզից: Հիվանդության պատճառը բժիշկների կողմից արյունը վիրուսային հեպատիտով վարակելն էր:
«Մայրս կյանքում երբեք չի խմել, ես նրան երբեք չեմ տեսել նույնիսկ գինու կամ շամպայնի բաժակը ձեռքին։ Նա բժիշկ էր` ֆիզիոթերապևտ», – ասել է Չումակովը։
Ալեքսեյի ընտանիքը հիվանդության մասին իմացել է, երբ այն արդեն սկսել է զարգանալ։ Տյումենում, որտեղ բնակվում էին ծնողները, բուժումը չի օգնել։ Մայրաքաղաքում ապրող Ալեքսեյն այդ պահին քիչ էր գումար վաստակում, սակայն որոշեց ընտանիքը Մոսկվա տեղափոխել։
«Մայրիկին գնացքով տեղափոխեցի, քանի որ նրա առողջական վիճակը շատ վատ էր, ինքնաթիռով չէր կարելի: 36 աստիճան ցուրտ էր, մենք նրան առավոտյան ժամը 6-ին բերեցինք, նա նույնիսկ քայլել չէր կարողանում: Տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ մեզ ասացին, որ նա լավագույն դեպքում ևս 6 ամիս կապրի», — ասել է Չումակովը:
Սակայն հրաշք տեղի ունեցավ. բուժումն իրականացրեց մի մարդ, որը ծանոթ էր այս իրավիճակին։ Չումակովի մայրն ապրեց ևս 6 տարի, նա նույնիսկ հաճախում էր որդու համերգներին։