«Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը մարվեց և դրվեց շրջանառության մեջ: Նամականիշներից մեկում պատկերված է Կապույտ մզկիթը, մյուսում՝ Սուր Ամենափրկիչ եկեղեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղաթերթիկը մարվեց հոկտեմբերի 25-ին «ՀայՓոստ»-ի կողմից ՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանի մասնակցությամբ:
«Երկու ժողովուրդները բազմադարյա բարեկամության և եղբայրության հարուստ պատմություն ունեն: Եվ մեր նախարարության տեսանկյունից՝ մենք անում ենք շատ կարևոր քայլ՝ փոքր աղյուս դնելով մեր բարեկամության և եղբայրության կառուցվող շենքին: Համատեղ նամականիշ թողարկելով՝ ցանկացնում ենք խթանել մեր բարեկամությունը»,-ասաց Խաչատրյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ համատեղ նամականիշերի թողարկումը փաստում է երկրների դիվանագիտական լավ հարաբերությունների և մշակութային առանձնահատկությունների մասին : Եվ Հայ-իրականական համատեղ նամականիշի թողարկումը դրա վառ ապացույցն է: «Կարծում եմ՝ այս նամականիշները, որոնք կհայտնվեն աշխարհի տարբեր երկրներում, տեղեկատվություն կփոխանցեն մեր երկու երկրների ջերմ հարաբերությունների մասին»,-ասաց նա ու հավելեց՝ նամականիշները պետության հետաքրքիր սիմվոլներն են, և հաճախ շատերը որևէ երկրի մասին տեղեկություններ են հավաքում հենց նամականիշերով:
300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանում գտնվող Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա՝ Սպահան քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի տպագրատներից մեկում՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է ՀայՓոստի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Փոխդեսպանի և փոխնախարարի հետ մարումն իրականացրեցին նաև «ՀայՓոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: