Ամուսնուս հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով. Էմմա Ծառուկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամուսնուս հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով. Էմմա Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Էմմա Ծառուկյանը, միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավարն է։

«Դե ֆակտո» ամսագիրը հարցազրույց է ունեցել Էմմա Ծառուկյանի հետ, հարցազրույցից հատվածը ներկայացնում ենք ստորև.

Հետաքրքիր է, որպես կին` որքանո՞վ եք կարողանում նվիրվել մասնագիտությանը, համատեղել այն ընտանեկան պարտականությունների հետ, և արդյո՞ք ընտանիքը հասկանում և աջակցում է Ձեզ:

– Իհարկե, պետք է նշեմ, որ իսկապես դժվար է լինել կին, մայր և միաժամանակ` նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն երբ սիրում ես մասնագիտությունդ, և երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր և խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին ու ձգտելու առավելագույնին:
Իմ ընտանիքը հասկանում և աջակցում է ինձ: Եթե չլիներ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը, թերևս ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նրանք կիսում են իմ ապրումները, ուրախություններն ու ձեռքբերումները:
Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, ում ըմբռնումն ու սերը, աջակցելու պատրաստակամությունն ու ուժը մշտապես ինձ հետ են: Նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ` որպես մասնագետ:

Ամեն ինչ սկսվում է սիրուց… ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում, և ըստ Ձեզ` որքանո՞վ են սերը և գեղեցկությունը փոխկապակցված միմյանց:

– Սերն իսկապես ամեն ինչի մեջ է. մեզ շրջապատող աշխարհի, մասնագիտության, ընտանիքի ու ընկերների: Այն, ինչ սիրում ես, գեղեցիկ է: Ժամանակի սղության, կենցաղի և առօրյա հոգսերի մեջ երբեմն անհետանում է անգամ փոքրիկ մանրուքների մեջ գեղեցիկը նկատելու, այն սիրելու ունակությունը, սակայն երբ մի պահ կանգ ես առնում և վերաարժևորում կյանքի իմաստը, հասկանում ես, որ երջանկությունը հենց այդ փոքրիկ մանրուքների մեջ է, որն էլ հենց սիրո ու գեղեցկության փոխկապակցումն է իմ կարծիքով:
Ի՞նչ նախասիրություններ ունեք, ո՞րն է Ձեր ամենասիրելի զբաղմունքը, որի ժամանակ նաև հանգստանում եք:

– Վստահաբար կարող եմ ասել, որ իմ ամենասիրելի զբաղմունքն իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է: Դա ինձ համար և՛ լավագույն ժամանցն է, և՛ հանգիստը: Շատ եմ սիրում կարդալ տարբեր հեղինակների գործեր, բայց աշխատանքի բերումով վերջին շրջանում կարդում եմ միայն մասնագիտական գրականություն: Լինելով առողջ ապրելակերպի կողմնակից` աշխատում եմ, անկախ ծանրաբեռնվածությունից, ժամանակ գտնել և մարզվել:
Բժշկության մեջ շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշումը, հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք Ձեզ հաջողվում է նաև նույն արհեստավարժությամբ «ախտորոշել» մարդկային տեսակը:

– Մասնագիտական գործունեության ընթացքում արհեստավարժությունը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, ստացած գործնական հմտությունների արդյունքում, իսկ մարդկային տեսակը ճիշտ ախտորոշելու միակ գրավականը մարդու կենսափորձն է: Այդ կենսափորձը, իհարկե, ձեռք է բերվում նաև հիասթափությունների, որոշակի մարդկանց հարցում սխալվելու և եզրակացություններ անելու գնով միայն: Սակայն այդ ամենով հանդերձ` ես կարծում եմ, որ անկախ իմ երիտասարդ տարիքից` ես կարողանում եմ տարբերակել մարդկանց. դրա համար մի շատ պարզ, բայց, միևնույն ժամանակ, կարևոր քայլ պետք է անել: Պարզապես պետք է նայել նրանց աչքերի մեջ. որպես կանոն` նրանք չեն խաբում:

Իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են, նրանցից ես տիեզերական էներգիա եմ ստանում:

Ո՞րն է Ձեր էներգիայի աղբյուրը:
– Միանշանակ կարող եմ ասել, որ իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են: Նրանցից ես ուղղակի տիեզերական էներգիա եմ ստանում: Անգամ աշխատանքային ամենալարված օրերին, բավական է գեթ մեկ րոպե գրկեմ նրանց, և հոգնածությունը կարծես չի էլ եղել: Դա երևի վերերկրային ու գերբնական մի ուժ է, որը կապում է ծնողներին իրենց երեխաների հետ:
Ինչի՞ն կամ ո՞ւմ եք ամենաշատը հավատում, ապավինում կյանքում:

– Անվերապահորեն հավատում և ապավինում եմ միայն Աստծուն: Իմ բոլոր նախանշած ծրագրերը, պլաններն ու անելիքները կյանքի են կոչվել բացառապես Տիրոջ կամքով: Աստծո ներկայությունն ամենուր է մեր կյանքում: Աստված Սեր է և Կյանք… Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է:
– Կա՞ նշանակալի անձ/անձիք Ձեր կյանքում, որի խորհրդին մշտապես հետևում եք:

– Այո՛, իհարկե կան: Դեռ մանուկ հասակից իմ ծնողներն ինձ համար եղել և մնում են հեղինակություն, որոնց որոշումներն ու խորհուրդներն ինձ համար անբեկանելի ճշմարտություն են եղել: Ես մշտապես իմ բոլոր նախաձեռնությունների, անելիքների հետ կապված երկարատև քննարկումներ եմ ունենում հորս հետ, հետևում նրա խորհուրդներին ու հորդորներին ու որպես կանոն` նա մշտապես ճիշտ է լինում: Հայրս իմ կյանքում անփոխարինելի դերակատարում ունի, և ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ տվել է ինձ` իմաստուն խորհուրդներ, համբերատար վերաբերմունք ու անսահման սեր:
Ինձ համար կարևոր և նշանակալի անձնավորություն է ամուսինս, ով մշտապես իմ կողքին է: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նա ինձ համար առաջին հերթին լավագույն ընկեր է և խորհրդատու:

Յուրաքանչյուր կնոջ կյանքում մեծ է նաև իր մոր դերակատարումը: Ի՞նչն է Ձեզ կապում ձեր մոր հետ:

– Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում մոր դերն անգնահատելի է: Սակայն մեր բառարաններում, թերևս, չկա այնպիսի մի բառ, որը կբնութագրի այն մեծ սերը, որը ես տածում եմ մորս հանդեպ: Ինձ համար մայրս միշտ իդեալ է եղել` կանացիության ու հոգատարության մարմնացում, որին ձգտել եմ նմանվել: Նա հոգու ընկեր է ինձ համար, ում հետ կարող եմ անվերջ զրուցել, ով ինձ հասկանում է, աջակցում իր խորհուրդներով: Նա իմ ուժն ու թուլությունն է, Աստծուց ինձ տրված անգին պարգև:
21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր, այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել:
Ո՞րն է Ձեր երջանիկ լինելու բանաձևը:

– Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս և մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում:
Կարծում եմ` 21-րդ դարի կնոջ երազանքն է և երջանկության գրավականը լինել ոչ միայն կին և մայր, այլ նաև մասնագետ, ունենալ մասնագիտական աշխատանք` սեփական աշխարհ, որն ինքն է կերտել: Հավատացած եմ, որ կայացած և ինքնաբավ լինելով` նա ընտանիքում ավելի լավ կին և մայր կարող է լինել:

wnews.am



Նման նյութեր