Երգիչ Սարգիս Ավետիսյանը նոր տեսահոլովակ ունի: «Իմ գեղեցկուհի»` այսպես է կոչվում նոր երգը, որի հեղինակն է Հայկ Գևորգյանը: Սարգիսի նոր աշխատանքի հերոսուհին է դերասանուհի Շուշաննա Թովմասյանը:
Life.panorama.am-ին Սարգիս Ավետիսյանի պրոդյուսերը` Արսեն Աղամիրյանը, մանրամասներ է հայտնել Շուշաննայի հետ համագործակցության մասին և ոչ միայն:
«Իսկզբանե երգի հեղինակը` Հայկը, անձամբ է ցանկացել, որ իր երգը հենց Սարգիսը կատարի, դե իսկ Սարգիսը բնավորություն ունի` երգի առաջին իսկ լսումից անմիջապես հետո հասկանում է` երգն իրենն է, թե ոչ: Հավելեմ, որ երգում որոշակի լրացումներ է արել նաև Գրիգոր Կոկչյանը, գործիքավորման հարցում առաջին անգամ համագործակցել ենք Վարուժո Դիլբարյանի հետ, դե իսկ ձայնագրությունն ու միքս-մասթերինգը իրականացրել է մեր լավ ընկեր Էդգար Ալեքսանյանը (DUETRO-studio)»,- պատմեց Արսենն ու խոսեց տեսահոլովակի մասին.
«Ռեժիսորը Վահե Հարությունյանն է, ով շատ լավ կարողացավ իրականացնել այն, ինչ ուզում էինք: Մենք շատ էինք ցանկանում, որ տեսահոլովակը ունենար սյուժե, որի մեջ կիիներ նաև ուսուցողական էլեմենտներ: Այս տեսահոլովակում նպատակ ունենք ցույց տալու, որ սոցիալական տարբերությունները չպետք է սիրո հարցում որոշիչ լինեն, և նույնիսկ ընդհակառակը` կարող է հարուստ տղան շատ երջանիկ լինի աղքատ աղջկա հետ: Ի դեպ` սյուժեի ճիշտ զարգացումների հարցում մեզ օգնեց նաև Արայիկ Գաբաջյանը: Առհասարակ, սա թիմային աշխատանք էր, քանի նոր բոլորս` ես, Արայիկը, Վահեն և նրա քույրը մեր փոքրիկ լուման ենք ունեցել, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուրախ եմ, որ գոնե մեկ վատ կարծիք, մեկնաբանություն չկա, դա երգչի համար շատ կարևոր բան է: Իմիջայլոց, սա Սարգիսի առաջին ռեկորդային տեսահոլովակն է, այն մեկ գիշերում գրանցեց 80.000 դիտում»,- հավելեց պրոդյուսերը:
Անդրադառնալով Շուշաննա Թովմասյանի ընտրությանը` Արսենը նշեց.
«Դերասանուհու ընտրության հարցում իսկապես երկար ենք տանջվել: Մեզ թվում էր, թե հերոսուհի գտնելն ամենահեշտն է, բայց, փաստորեն, ամենադժվարը եղավ: Վահեն եղել է էլ քասթինգ ստուդիաներում, էլ թատերական ինստիտուտում, բայց ոչ մի կերպ մեր պատկերացումների աղջկան չէինք գնում: Ի վերջո, իմ գաղափարով դիմեցինք Շուշաննային, ով սիրով համաձայնեց: Հերոսի ընտրության հարցում էլ Սարգիսն ինձ անակնկալի բերեց: Սկզբում չէի պատկերացնում, որ նա կկարողանա դերասանական հմտություններ ցույց տալ, բայց մի օր ինձ ասաց, որ կարող է անձամբ կատարել տեսահոլովակի հերոսի պարտականությունները: Կարծում եմ` նա և Սարգիսը համապատասխան զույգեր են, նրանք միասին կարողացել են հասնել ցանկալի արդյունքի: Մենք խոստովանում ենք, որ այս նախագիծն այնքան էլ մեծ արձագանքներ չէր ունենա, եթե չլիներ Շուշանի խաղը: Չէ որ սյուժեի մեծ մասը դիմախաղի միջոցով է արտահայտվում, իսկ եթե չլիներ փորձառու դերասանուհի, մենք դա չէինք ստանա: Ի դեպ` ուզում եմ շեշտել, որ Շուշանի և նրա սիրելիի հետ այս աշխատանքի միջոցով ընկերացանք: Շուշանի հետ աշխատելը հրաշք էր, նա շատ թեթև մարդ է, նա ոչ մի անգամ չտրտնջաց, անգամ, երբ երկու գիշեր ծանր ու երկարատև նկարահանում ունեցանք»:
Հավելենք, որ «Իմ գեղեցկուհի» տեսահոովակում մոր կերպարում փոքրիկ տեսարանով նկարահանվել է նաև հայտնի դերասանուհի Նաիրա Շահինյանը: