Հայաստանի հավաքականի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 18-22-ն առաջին անգամ մասնակցել է հեծանվահրապարակի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի խոսքով Էդգարի նորամուտը հաջող է ստացվել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նա նաև կարողացել է բարելավել արդյունքը 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում.
«Գոհ եմ Էդգարի մասնակցությունից: Միշտ ասել եմ՝ նա բնավորությամբ մարտիկ է, մինչև վերջ պայքարող: Եվրոպայի առաջնությունում Ստեփանյանը վաստակել է 245 միավոր և վարկանիշային աղյուսակում ավելի քան 20 կետով բարելավել դիրքը: Ներկայումս նա 68-րդն է:
Մի քանի օր հետո Էդգար Ստեփանյանը Վարշավայում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Նա պետք է միավորներ վաստակի, որպեսզի 2018 թ. աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանա: Հույս ունեմ՝ կհաջողվի, հետո էլ կպայքարի օլիմպիական խաղերի ուղեգրի համար»,- ասել է Արմեն Գյոզալյանը:
Հայ հեծանվորդը Լեհաստան կմեկնի հոկտոմբերի 30-ին: Աշխարհի գավաթի խաղարկությունում նա հանդես կգա երկու մրցաձևում՝ սկրեչ և խմբակային վազք:
Գյոզալյանը նշել է, որ մինչև տարվա վերջ նախատեսում են մասնակցել ևս մեկ միջազգային մրցաշարի, որտեղ Էդգարը կարող է միավորներ վաստակել: