Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 26-ին Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա հոբելյանական համերգ, որին կմասնակցեն անհատ կատարողներ, պարային խմբեր և երգչախմբեր: Կանցկացվի նաև գիտաժողով, որտեղ կքննարկվեն Սարյանի արվեստին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին պատմեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը:
«Կայանալիք գիտաժողովին կմասնակցեն հյուրեր Ռուսաստանի այն թանգարաններից, որտեղ ցուցադրված են մեծ նկարչի ստեղծագործությունները: Դրանք են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը, Արևելյան արվեստի թանգարանը, Թատերական թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը: Հայաստանից ներկա կլինեն մասնակիցներ Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Ռուսական արվեստի թանգարանից: Հրավիրել ենք նաև արվեստաբանների, որոնք կխոսեն Սարյանի ինքնատիպ կտավների առանձնահատկությունների մասին»,-նշեց նա:
Խոսելով թանգարանի այցելուների քանակի մասին` Սոֆյա Սարյանն ասաց, որ թանգարանի վերանորոգումից հետո նրանց թիվը կրկնապատկվել է: Այդ կապակցությամբ մեր տնօրինությունը մի շարք ծրագրեր է կյանքի կոչում:
«Մեզ մոտ գործում է մանկական ստուդիա, իրականացվում են կրթական ծրագրեր, պարբերաբար համերգային երեկոներ են տեղի ունենում, արվեստի պատմության վերաբերյալ դասախոսություններ»,- ընդգծեց Սոֆյա Սարյանը:
Նա հավելեց, որ նոր գրադարան ունեն, որը հարուստ է կերպարվեստին, գրականագիտությանը երաժշտագիտությանը, արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող գրքերով: Դրանց որոշակի մասը պատկանում է Սարյանի ընտանիքին: