Եվրոպայի ամենահարուստ միապետը Լիխտեյնշտեյնի կառավարիչ իշխան Հանս Ադամ Երկրորդն է: Այդ մասին գրել է Bloomberg-ը: Նրա կարողությունը գնահատվում է մոտավորապես 4,4 մլրդ դոլար: Հանս Ադամը 444-րդ տեղն է զբաղեցնում գործակալության կազմած միլիարդատերերի գլոբալ վարկանիշում:
Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հարստությունը կազմում է 380 մլն դոլար:
Իշխանը փողերի մեծ մասը վաստակել է LGT Group մասնավոր բանկի շնորհիվ, որն զբաղվում է ամբողջ աշխարհում գերհարուստ մարդկանց սպասարկմամբ: Ընթացիկ տարում վարկային կազմակերպության շուկայական կապիտալիզացիան աճել է 64 տոկոսով: Եվրոպական բանկերի բաժնետոմսերի միջնակշռված արժեքն արտացոլող Euro Stoxx Banks ինդեքսի գնանշումների միջին աճը չորս անգամ պակաս է եղել: