Հոկտեմբերի 29-ին Մարտունի քաղաքում կայանալիք նռան փառատոնին ներկա գտնվել ցանկացողների համար նույն օրը՝ ժամը 9:00-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ, ավտոբուսները ուղևորափոխադրում են իրականացնելու:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և հավելել, որ ուղեվարձը 1000 դրամ է, և բոլոր ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել Օրանժ խանութից, որը գտնվում է մայրաքաղաքի Ազատության (кольцевой) հրապարակի հարևանությամբ: Ծրագրի մեկնարկը տրվելու է առավոտյան ժամը 11:00-ին:
«Փառատոնին լինելու են 50-55 տաղավարներ, որտեղ հանդես են գալու բոլոր շրջկենտրոնները, շրջանի այգեգործները և Մարտունի քաղաքում գործող վերամշակող գործարանները: Բոլորի հետ ունենք պայմնավորվածություն, որպեսզի նռան վաճառքը փառատոնին իրականացվի շուկայականից նկատելիորեն ցածր գնով»,- ասել է քաղաքապետը և հավելել, որ բացի ցուցահանդես-վաճառքից նախատեսված է նաև մշակութային մեծ միջոցառում: