ԿՀՎ-ի փաստաթղթերը. Օսվալդը Քենեդու սպանությունից առաջ շփվել է ՊԱԿ-ի գործակալի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԿՀՎ-ի փաստաթղթերը. Օսվալդը Քենեդու սպանությունից առաջ շփվել է ՊԱԿ-ի գործակալի հետ

Լի Հարվի Օսվալդը, ԱՄՆ 35-րդ նախագահին սպանողը, Մեխիկոյում, սպանությունից 2 ամիս առաջ շփվել է խորհրդային դիվանագետի հետ, որը, ըստ ամերիկյան հետախուզության՝ եղել է ՊԱԿ-ի գործակալ: Այս մասին ասված է ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում:

Համաձայն նյութերի, այն ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Մեխիկոյում խորհրդային դեսպանատան հեռախոսազրույցները: Սակայն Օսվալդի՝ ՊԱԿ-ի հետ անմիջական կապի, և սպանության հետ ՊԱԿ-ի կապի մասին այդտեղ խոսք չկա:

Խորհրդային հետքի վարկածն ամերիկացիները միշտ ունեցել են, բայց այլ վարկածների հետ միասին՝ հիմնավորում չեն ունեցել: Օսվալդի կապի մասին Մեխիկոյի դեսպանատան հետ գրականությունում ներկայացվել է, և Օսվալդի հետ շփված Օլեգ Նեչիպորենկոն ասել է, որ ապագա մարդասպանը ԽՍՀՄ մուտքի վիզա է խնդրել իրենից:

ԿՀՎ-ում նշում են՝ 1963-ի սեպտեմբերի 28-ին եղել է խորհրդային դեսպանատանը և զրուցել է հյուպատոս Վալերի Վլադիմիրովիչ Կոստիկովի հետ:

Այս մասին հայտնի դարձավ, երբ հոկտեմբերի 1-ին Օսվալդը զանգահարեց ԽՍՀՄ դեսպանություն և կոտրատված ռուսերենով ներկայանալով՝ հանդիպում խնդրեց՝ նախապես ճշտելով, թե արդյոք լուր կա՞ Վաշինգտոն արված հեռագրից: Աշխատակիցը ստուգելով՝ պատասխանում է, որ հարցումն ուղարկված է, սակայն պատասխան դեռ չկա:

Փաստաթղթում շեշտվում է, որ Կոստիկովը եղել է ՊԱԿ-ի գործակալ: «Նա հանդիսանում է օպերատիվ աշխատակից մի օպերացիայում, որի ետևում ՊԱԿ-ի 13-րդ վարչությունն է, որը ղեկավարում և կազմակերպում է տարաբնույթ սաբոտաժները և սպանությունները»,- այսպես է գրված գաղտնազերծված փաստաթղթերում:

Նաև նշվում է, որ Կոստիկովը և ծառայակից Օլեգ Բրիկինը, որն աշխատել է Նյու Յորքում, կառավարել են Եվրոպայում հավաքագրված գերմանիայի մի քաղաքացու, որն այդ ժամանակ բնակվել է ԱՄՆ Օկլահոմա նահանգում:

«Ոչ մի տարօրինակ բան չկա, որ ՊԱԿ-ի գործակալը, պատասխանատու հանձնարարություն կատարելիս, կապի մեջ է եղել ԽՍՀՄ դեսպանատան հետ: Սակայն մեր տրամադրության տակ են խորհրդային գերգաղտնի հետախուզական փաստաթղթեր, ուր նկարագրվում է ռազմական հետախուզության դոկտրինը: Դրանցից պարզ է դառնում, որ չափազանց կարևոր գործակալները կարող են հանդիպումներ ունենալ հասարակության առջև՝ պաշտոնական շինություններում, որը կարող է քողարկված լինել որևէ պաշտոնական այցի շրջանակներում… Ինչպես նաև՝ նման կոնտակտը կարող էր տեղի ունենալ տվյալ գործակալի անուշադրության հետևանքով»,- ասված է փաստաթղթում:

Սակայն տեքստից պարզ չէ հետևյալը. Արդյոք ԿՀՎ-ում ՊԱԿ-ի գործակալ են դիտել միայն հյուպատոս Կոստիկովի՞ն, թե՞ Օսվալդին էլ: Տեքստին կցված է նաև Կոստիկովի մանրամասն դոսյեն, ուր նկարագրված է անգամ նրա արտաքինը, ընտանիքը, ճանապարհորդությունները, և այլն:

ԽՍՀՄ-ում մեծ աղմուկ էր, և համարվում էր, որ Քենեդու սպանությունը դավ էր

ԿՀՎ-ի մյուս գաղտնազերծված փաստաթղթում, որը թվագրվում է 1966 թ., Քենեդու սպանությունը շոկային է եղել ԽՍՀՄ-ում: Նրա հիշատակի համար անգամ եկեղեցիներում զանգեր են հնչեցրել:

ԱՄՆ-ում նաև պարզել են՝ ԽՍՀՄ-ում գտնում են, որ Քենեդու սպանությունը եղել է դավադրություն, և, որ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը կապ ունի այդ ամենի հետ:

ՊԱԿ-ի ղեկավարությունը հասկացրեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ խորհրդային ղեկավարությունը պետք է պարզի, թե ինչ անձնական հարաբերություններ են ունեցել Քենեդու ընտանիքը և Ջոնսոնը՝ նախագահ Քենեդու եղբայրների՝ Ռոբերտի և Թեդի հետ: Այս մասին ասվում է ՀԴԲ-ի փաստաթղթում, որի տակ առկա է Բյուրոյի այն ժամանակվա տնօրեն Էդգար Գուվերի ստորագրությունը:

Մյուս աղբյուրը, որը եղել է ԽՍՀՄ-ում, դեռ 1963-ին ՀԴԲ-ին է պատմել, որ ԽՄԿԿ ղեկավարությունը սպանությունը համարում է ԱՄՆ ներքին դավադրություն, որի թիկունքում են եղել «ուլտրաաջերը»:

«Նրանք համոզված են եղել, որ սպանությունը չի կազմակերպվել մեկ մարդու կողմից, այլ՝ մանրակրկիտ պլանի արդյունք է»,- գրված է փաստաթղթում:

«Նրանք (ԽՄԿԿ վերնախավը) գտնում էին, որ այդ տարրերը (դավադրության մասնակիցները), օգտագործելով սպանությունը, ցանկացել են խորացնել հակակոմունիստական տրամադրությունները հասարակությունում, որ ԽՍՀՄ-ի հետ բանակցությունները վերջնականապես դադարեն՝ հիմք ստեղծելով Կուբայի վրա հարձակման համար, հրահրելով պատերազմ: Այդ համոզմանը հարելով՝ ԽՍՀՄ-ն անմիջապես բերվեց մարտական բարձրագույն պատրաստության»,- ասված է զեկույցում:

Աղբյուրի խոսքով, Մոսկվայում վախենում էին, որ լիդերի բացակայության պայմաններում ԱՄՆ որևէ անպատասխանատու գեներալ կարող է միջուկային հարված հասցնել ԽՍՀՄ-ին:

«Բացի այդ, խորհրդային պաշտոնյաները գտնում էին, որ միայն խելագարները կարող էին նման սպանությունը վերագրել ԱՄՆ կոմունիստներին, հատկապես, եթե հաշվի առնվի այն, որ ԱՄՆ կոմունիստական կուսակցությունը սատարելով Քենեդու ապառազմականացման ծրագիրը՝ հետապնդվել է ուլտրաձախերի կողմից»,- ասված է փաստաթղթում:

3 000 փաստաթուղթ

Հինգշաբթի օրն ԱՄՆ-ում գաղտնազերծվել է շուրջ 3000 փաստաթուղթ, որոնք կապ ունեն Ջոն Քենեդու սպանության հետ: Մինչև 2018 թ. ապրիլը պատրաստ կլինի ևս մի քանի հազարը…

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հասարակությունը պետք է ամեն բան իմանա նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին, միաժամանակ նշելով, որ ազգային անվտանգությունից ելնելով՝ նա այլընտրանք չունի, և պետք է համապատասխան կառույցներին թույլ տա նյութերի որոշ հատվածները խմբագրել:

ria.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը