Երգչուհի Ալյա Սեդրակյանն ու «Վիտամին» ակումբից հայտնի Չարենցը՝ Կարեն Սահակյանը, շուտով ծնողներ կդառնան:
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է՝ ինչպես է ուրախալի լուրը հայտնել ամուսնուն, և թե ինչպիսին է եղել նրա արձագանքը:
Ալյան հղիության վերջին շրջանում է, սակայն շարունակում է ելույթ ունենալ. «Մեր առաջնեկը լույս աշխարհ կգա հունվարին, իսկ ես դեռ աշխատում եմ, քանի որ ուժերս ներում են: Շատ լավ և թեթև հղիություն եմ տանում»,- պատմել է նա և ավելացրել, որ ամուսինն այս շրջանում առավել ուշադիր է իր նկատմամբ, թեև միշտ էլ այդպիսին է եղել:
Կարեն Սահակյանը և Ալյա Սեդրակյանը
Ապագա մայրիկը նշել է, որ հեռախոսազանգով է հայտնել ամուսնուն սպասված լուրը. «Զգացողություններս շատ խառն էին, իսկ լուրը՝ սպասված, դրա համար էլ հատուկ ձևով չհայտնեցի այն: Աշխատանքի էր, զանգահարեցի, ասացի, մի պահ չհասկացավ էլ՝ ինչ եմ ասում, քանի որ շատ հուզված էի, բղավում էի: Նրա համար էլ անսպասելի էր և, իհարկե, շատ ուրախալի»:
Երգչուհու խոսքով՝ որոշել են երեխայի սեռը չհայտնել մինչև նրա ծնունդը.«Երբ դեռ չգիտեինք սեռը, իսկապես, մեզ համար միևնույն էր: Կարևորը՝ առողջ բալիկ ունենանք: Այժմ էլ, երբ գիտենք, ուղղակի ուրախ ենք և երջանիկ»: