«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ, «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական ծրագրի շրջանակներում, Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցեղ երեխաների 8-րդ հատուկ կրթահամալիրի5-10-րդ դասարանների սաներն այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Նրանց համար կազմակերպված հատուկ էքսկուրսիան սկսվել է թանգարանի մուտքից։ Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը ներկայացրել է թանգարանը, խոսել դրա նշանակության մասին, մանրամասնել, թե երբ և որտեղից են գտնվել ցուցադրվող առարկաները։
Այնուհետև, արդեն ցուցասրահներում, Արտավազդ Զաքյանն ու կրթական ծրագրերի պատասխանատու Թամարա Շահբազյանն առավել մատչելի պատանիներին ներկայացրել են ցուցադրությունը, որում ընդգրկված են Մեծամորի հնավայրում1960-ականներից մինչեւ 2014 թվականը իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները:
Պատանիները հնարավորություն են ունեցել ձեռքերում պահել որոշ ցուցանմուշներ, առավել մանրամասն տեղեկություն ստանալ դրանց կիրառության մասին։
«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» ամենամյա կրթական ծրագիրն (հեղինակ՝ ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյան) իրականացվում է 2010 թ․-ից։ Նպատակը ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները մտավոր և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար մատչելի դարձնելն է։