Զով եղանակը լավագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ ֆիլմ դիտելու արարողակարգում. մեկ բաժակ տաք շոկոլադ, հոգին ջերմացնող երկխոսություններ և բոլորովին այլ իրականության պատրանք ստեղծող կադրեր: Մնում է միայն օգտվել առիթից և 168.am-ի հետ կինեմատոգրաֆիական սեպտեմբերն ամփոփել և հոկտեմբերին ողջույնի խոսքեր հղել հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Կարդումյանի առաջարկած 10 ֆիլմերով:
«400 հարված» (Les Quatre cent coups)
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմը պատմում է բարդ բնավորություն ունեցող տասներկու տարեկան Անտուան Դուանելի (Ժան-Պյեռ Լեո) մասին: Նրա մայրը (Կլեր Մորյե) զբաղված է անձնական կյանքով, և չունի ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն որդու խնդիրներով զբաղվելու համար: Խորթ հայրը (Ալբեր Ռեմի) թույլ բնավորություն ունի և ազդեցություն չունի ո՛չ կնոջ, ո՛չ որդու վրա: Ուսուցիչը միայն պատժում է տղային: Անտուանը և նրա ընկերը գնալով ավելի քիչ են հաճախում դպրոց, փախչում են տնից: Այս ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մահ Վենետիկում» (Morte A Venezia)
Թոմաս Մաննի համանուն վիպակի մոտիվներով 1971 թվականին կինոյի և թատրոնի իտալացի ռեժիսոր և սցենարիստ Լուկինո Վիսկոնտիի կողմից նկարահանված «Մահ Վենետիկում» դրաման պատմում է հոգեկան և ստեղծագործական ճգնաժամ ապրող կոմպոզիտորի՝ Գուստավ ֆոն Աշենբախի (Դիրկ Բոգարտ) մասին, ով 1911թ. գարնանը գալիս է հանգստանալու Վենետիկի մոտ գտնվող Լիդո ծովափում: Հանկարծ նրան զարմացնում և հիացնում է լեհ արիստոկրատուհու որդու՝ դեռահաս Տաձիոյի (Բյորն Անդերսեն) գեղեցկությունը: Շփոթված իր զգացմունքներից՝ Ասենբախը ցանկանում է հեռանալ, բայց, ցավոք սրտի, վարակվում է արագ զարգացող հիվանդությամբ և իր կյանքի վերջին պահերն անցկացնում է լողափում՝ հետևելով պատանի Տաձիոյին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Քաղցր կյանք» (La Dolce Vita)
Իտալացի ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմը պատմում է լրագրող Մարչելոյի (Մարչելո Մաստրոյանի) մասին, ով հետևում և մասնակցում է 50-ական թթ. իտալական էլիտայի կյանքի բոլոր դրվագներին:
Կանայք, որպես ստվերներ, հաջորդում են միմյանց՝ չբորբոքելով նրա զգացմունքները: Դա ի զորու չէ անել նույնիսկ ամերիկյան կինոաստղ, սեքսուալության մարմնացում Սիլվիան (Անիտա Էկբերգ):
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Տարտարի անապատը» (Il Deserto dei Tartari)
Իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վալերիո Ձուրլինիի «Տարտարի անապատը» ֆիլմում իր առաջին առաջադրանքի ժամանակ լեյտենանտ Դրոգոն (Ժան Պերեն) գալիս է հեռավոր ամրոց, որը մի կողմից շրջապատված է ավազով, մյուս կողմից՝ անանցանելի լեռնաշղթայով: Կայազորի խնդիրն էր՝ հետ մղել ինչ-որ մի տեղ անապատում թաքնված ահեղ մրցակցի հնարավոր հարձակումը: Որոշ սպաներ դեռ սպասում են հարձակմանը, ոմանք պարզապես չեն հավատում, որ այն երբևէ տեղի կունենա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Զրույցը» (The Conversation)
Ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հոգեբանական դետեկտիվը պատմում է գաղտնալսող սարքերի լավագույն մասնագետներից մեկի՝ Հարի Քոուլի (Ջին Հեքմեն) մասին: Խոշոր գործարարի հրամանով ձայնագրելով այգում զբոսնող մի զույգի զրույցը՝ նա խախտում է իր հիմնական կանոնը՝ քիթը չխոթել հաճախորդի գործերի մեջ: Նա փորձում է կանխել սպանությունը, որը, ըստ նրա, շուտով տեղի է ունենալու:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բարև, ես եմ»
1965 թ. ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի կողմից նկարահանված ֆիլմը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի (Արմեն Ջիգարխանյան) նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին:
Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։
«Բարև, ես եմ»-ը 1966 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դիվահարություն» (Possession)
Արտհաուսային սարսափ ֆիլմը՝ «Դիվահարությունը», 1981 թվականին նկարահանվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների կողմից՝ լեհ կինոռեժիսոր, սցենարիստ և գրող Անջեյ Ժուլավսկու գլխավորությամբ:
Երկար գործուղումից հետո տուն վերադաձած Մարկը (Սեմ Նիլ) հայտնաբերում է, որ բացակայության ժամանակ նա իր կնոջ՝ Աննայի (Իզաբել Աջանի) համար օտար մարդ է դարձել: Նա որոշում է բացահայտել ամբողջ ճշմարտությունը: Բայց աստիճանաբար պարզվում է, որ խոսքը գնում է շատ ավելի կարևոր բանի մասին, քան սովորական սիրային ինտրիգն է: Յուրաքանչյուր անցնող օրվա հետ ամուսիններն ավելի խորն են ընկղմվում խելագարության մեջ, որն արյունոտ մղձավանջի է վերածվել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Պաստորալ» (Пастораль)
Վրացի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Օթար Իոսելիանիի «Պաստորալ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի հեռավոր գյուղում, ուր գալիս է մի երաժշտական խումբ՝ հանգստանալու և հաջորդ երաժշտական շրջագայությանը պարտաստվելու համար: Նրանց շրջապատում են գյուղացիները՝ հմայիչ, կոպիտ… տարբեր: Այս երկու աշխարհները նայում են միմյանց և զարմանում, թե որքան տարբեր կերպով կարող են մարդիկ ապրել միևնույն աշխարհում: Գյուղացիները՝ մի կողմից, մյուս կողմից` մարդիկ, ովքեր ընտրել են նման նուրբ աշխատանք, ինչպիսին երաժշտությունն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Անցյալ տարի Մարիենբադում» (L’année dernière à Marienbad)
Ֆրանսիացի կինոռեժիսոր Ալեն Ռենեի «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ֆրանսիական հյուրանոցում: Երիտասարդ տղան փորձում է համոզել աղջկան, որ անցյալ տարի նրանք արդեն հանդիպել են Ֆրեդերիկսբուրգի պարտեզում: Բայց աղջիկը վստահ չէ, արդյո՞ք այդ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրեդերիկսբուրգում, թե՞ Մարիենբադում: Տղան սկսում է նկարագրել նրանց հանդիպման պահը: Պատմում է՝ ինչպես է աղջիկը փորձել տրվել իրեն, բայց վերջին պահին մտափոխվել է: Այդ ժամանակ նրանք պայմանավորվել են մեկ տարի անց հանդիպել նույն վայրում, որպեսզի հասկանան՝ որքան ուժեղ են նրանց զգացմունքները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հարյուր օր մանկությունից հետո» (Сто дней после детства)
Ռուս պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և դերասան Սերգեյ Սոլովյովի «Հարյուր օր մանկությունից հետո» ֆիլմը պատմում է Միտյա Լոպուխինի (Բորիս Տոկարև) մանկության վերջին ամառվա մասին, որը նա երկար կհիշի: Այդ ամառը Միտյային նվիրել է մի հրաշալի մարդու հետ ընկերություն, ով ծանոթացրել է դեռահասին արվեստի իմաստին և մեծությանը: Եվ ամենակարևորը, նա զգաց առաջին սիրո երջանկությունը և տառապանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան