Դերասանուհի Անի Խաչիկյանը Life.panorama.am-ին պատմել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում նկարահանվելու և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ ունեցած համագործակցությունների մասին:
«Իրականում «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում շատ փոքրիկ, էպիզոդիկ դերով եմ ներկայանալու: Տեսարանս այնքան փոքր է, որ անգամ քասթինգի չեմ մասնակցել. Մհեր Մկրտչյանն ինձ ասաց, որ այդ կերպարում ինձ է տեսնում, բնականաբար, իմ կողմից էլ երկմտանք չէր կարող լինել, ուստի մեծ սիրով համաձայնեցի: Միաժամանակ` վստահ կարող եմ ասել, որ թեև դերս շատ փոքրիկ է, բայց իսկապես հետաքրքիր ու ծիծաղելի տեսարան է: Ինչպես միշտ, գրագետ համագործակցություն ստացվեց»,- նշեց Անի Խաչիկյանը:
Դերասանուհին վստահեցրեց`թեև իր մասնակցությունը այս կատակերգությունում մեծ չէ, բայց աշխատանքով շատ հետաքրքրված է:
«Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ սցենարն ամբողջությամբ կարդացել եմ, բավականին լավ ծանոթ եմ և վստահաբար կարող եմ ասել, որ նոր որակի կոմեդիա է տեսնելու հայ հանդիսատեսը: Առհասարակ, Մ. Մկրտչյանի բոլոր ֆիլմերում նկատելի է, որ միշտ հումորային գիծ կա, նա երբեք չոր ու ցամաք դրամա չի ներկայացնում, համով, հումորային դիալոգները նրա սցենարներում կարծես թե պարտադիր է: Իսկ այս դեպքում ֆիլմն ամբողջությամբ տրված է այդ ժանրին: Հուսանք, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ինչ-որ իմաստով մարտահրավեր կլինի, որը դրական զարգացում կտա հայկական կոմեդիային: Հույս ունեմ, որ այս ֆիլմով գռեհիկ հումորից անցում կկատարվի դեպի ավելի ինտելեկտուալ ու զարգացնող հումոր»,- նշեց նա:
Խոսելով Մ. Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարի մասին, որի գլխավոր հերոսուհին Անի Խաչիկյանն է, դերասանուհին նկատեց, որ ցուցադրությունից հետո միայն դրական արձագանքներ է լսել:
«Մարդիկ նկատած կլինեն, որ հայկական կինոասպարեզում Մհեր Մկրտչյանի հայտնվելը մեկը մյուսին հետևող մարտահրավերներ տվեց հայ կինոարտադրողներին: Թե «Կյանքի ու կռիվը», որը նոր նշաձող սահմանեց, թե «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարը, որը, թեև իր կառուցվածքով սերիալ է, բայց հավակնում էր լինել ավելի լավը, որակյալ, ասելիք ունեցող և անգամ դաստիարակող: Այս ֆիլմաշարը 12 մասից բաղկացած սերիալ է, որը սերիալ արտադրողներին կարող է տալ ստիմուլ, մոտիվացիա` ավելի որակյալ արտադրանք տալու: Բնականաբար, դերասաններիս համար տոնախմբության նման մի բան էր Մհերի ֆիլմում նկարահանվելը: Այս ֆիլմի հետ կապված միայն լավ արձագանքներ են ինձ հասել: Իհարկե, կային որոշակի անհամաձայնություններ ֆիլմի վերջաբանի հետ կապված, բայց միևնույն է, անգամ այդ կարծիքներ հայտնողները շեշտում էին դերասանական կազմի և նրանց խաղի մասին: Անդադար խոսվում էր հետաքրքիր զարգացումների և ոչ պրիմիտիվ սցենարի մասին: Ինքս էլ, թեև այդ աշխատանքի մի մասնիկն էի, բայց որպես հեռուստադիտող, մեծ հետաքրքրությամբ եմ հետևել սերիալին, անգամ տեսարաններ կային, որ հետ էի տալիս ու կրկին նայում: Հուսանք, որ սերիալ արտադրողները կփորձեն Մհերի առաջ քաշած չափանիշներին մոտենալ, և իրենց աշխատանքում ոչ թե գլուխ կպահեն, այլ իրենց ուժերի չափ մաքսիմում լավ արտադրանք կստեղծեն»:
Անի Խաչիկյանին հանդիսատեսը կարող է տեսնել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմում, սակայն էկրանային իմաստով նա որոշել է հանգիստ վերցնել:
«Հեռուստադիտողը դեռևս ինձ հետ կապված թող ոչ մի նորության չսպասի, քանի որ կարծում եմ, որ դերասանները պետք է կարողանան հետևել որոշակի դադարներին: Այդ կերպ և ավելի հետաքրքիր է դարձնում իրենց հայտնվելը, և օգտակար է մի դերից հետո լցվել, աճել, հետո նոր կրկին նոր դեր կերտել»,- ավարտեց դերասանուհին: