Օրերս Շպռոտը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը լայն քննարկումների առարկա դարձավ։ «Գարուն եկավ» երգի տեսահոլովակը արժանացավ ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների։ Վերջինը բավականին լայն զանգված գրավեց։
Tert.am Life-ն օվկիանոսից այն կողմ գտնվող երգչուհու հետ զրուցել է տեսահոլովակի շուրջ հնչած քննադատությունների մասին։
«Երբ հայկական գործիքները խառնում են նոր ռիթմերի հետ, վրդովմունք չես տեսնում, մարդիկ սիրում են և պարում խնջույքների ժամանակ, սակայն երբ վիզուալ համադրություն ես փորձում անել, իմ դեպքում` տարազի որոշ էլեմենտներ խառնել այլ ոճերի հետ, մարդիկ կատաղում են։ Ի դեպ, ես տարազով չեմ տեսահոլովակում, միայն կոպեկներով գլխարկն է նման մեր տարազին։ Իմ կրծկալը ձեռք եմ բերել ԱՄՆ-ից, մեքսիկական խալիներն էլ ունեն հետաքրքիր նախշեր։ Ոճային առումով օգտագործել եմ փին-ափ ոճը, վինտաժային անգլիական ներքնազգեստ»,- նշեց նա։
Քննադատությունները չեն ստիպել Շպռոտին մտածել, որ, գուցե, չարժեր այսպիսի համադրություն անել։ «Ես երբեք չեմ փոշմանում և երբեք չեմ վախենում երգել հայկական ժողովրդական երգեր կամ իմ տեսահոլովակներում օգտագործել ժողովրդական պարեր, տարազ։ Ես հպարտ հայ եմ և տարազն իմն էլ է, ինչի մասին է խոսքը։ Ես ժյուրիի համար չեմ աշխատում, ուղղակի մարդիկ սիրում են լինել ժյուրի` դատապարտող մենթալիտետ ունեն։ Ես սովոր եմ։ 15 տարուց ավելի է` բեմում եմ, շատ մարդիկ սիրում են իմ աշխատանքները։ Ես շատ նամակներ եմ ստանում իմ ֆաներից։ Ես սիրում եմ իմ աշխատանքը և հարգանքով եմ կատարում այն։ Կարծիքները շատ են և ոչ պրոֆեսիոնալ։ Այն մարդիկ, ովքեր թուրքական շորեր են հագնում և խոսում են տարազից, թող փակեն իրենց ռեխը»,- իրեն բնորոշ կտրուկությամբ ասաց երգչուհին։
Շպռոտը երբեք չի վախեցել լինել քննարկումների կիզակետում, սակայն վստահեցնում է, որ հատուկ այնպիսի աշխատանք չի արել, որ հայտնվի քննարկումների թիրախում։ «Ստեղծագործելիս նպատակներ չեմ հետապնդում, ուղղակի պրոցեսից հաճույք եմ ստանում։ Ինձ համար կերպարները համարձակ չեն, պարզապես գեղեցիկ են և ճաշակով մտածված։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, չեմ մտածում արդյունքի, արձագանքների մասին, սրտիս եմ լսում։ Իմ դեպքում փակ մենթալիտետով մարդիկ շատ բուռն և նեգատիվ են արձագանքում։ Եղել են արտիստներ, որոնց կենդանության օրոք չեն գնահատել։ Իմ դեպքում էլ այդպես է։ Հուսամ` մահվանիցս հետո կգնահատեն ինձ»,- ասաց երգչուհին։
Մեր նախորդ զրույցի ժամանակ Շպռոտն ասել էր, որ Հայաստանում մարդիկ ավելի ազատ են դարձել։ Չնայած իր հասցեին հնչած քննադատություններին, երգչուհին ասաց, որ փոփոխությունն ամեն դեպքում նկատելի է, տարեցտարի կարծիքները փոխվում են։ Ըստ նրա` բացասական խոսակցություններն իրեն չեն կոտրում։
«Եթե կոտրեին, հիմա փշրված կլինեի, բայց, ինչ խոսք, ցավեցնում են։ Ես, իսկապես, էմոցիոնալ եմ, փորձում եմ մեդիտացիա անել, որպեսզի չատեմ իմ սեփական ժողովրդին։ Ստացվում է` փորձում եմ հասկանալ, թե ինչու են այդքան չար։ Ես սիրում եմ ամեն հայի, նույնիսկ, երբ նրանք ինձ ատում են, նույնիսկ, երբ ես էլ եմ բարկացած արձագանքում։ Դա նման է, երբ տանեցիների, հարազատների հետ խնդիր ես ունենում, բայց 2 ժամ անց ներում ես նրանց։ Արյունը ջուր չի դառնա»,- ընդգծեց Շպռոտը։