Պարզվում է` տարածաշրջանում Հայաստանն է «գրին քարտի» ամենաշատ հայտերն ուղարկում ԱՄՆ: Ավելի շատ, քան Վրաստանը և նույնիսկ Ադրբեջանը, որտեղ երեք անգամ շատ բնակչություն կա: Դրա պատճառները պարզել է Արման Վանեսքեհյանը:
Կարելի է պատկերացնել, թե Հայաստանի բնակիչներն այժմ որքան են ատում այն ներգաղթյալին, որը նախօրեին Նյու Յորքում ահաբեկչական ակցիա իրականացրեց: Հենց նրա պատճառով է այսօր ԱՄՆ նախագահ Թրամփը կարգադրել ավելի խստացնել Ամերիկա տեղափոխվելու ցանկություն ունեցողների ծրագիրը:
Ահաբեկչություններն այդպես էլ սովորական չդարձան հայերի համար
Բայց Ուզբեկ Սայֆուլո Սաիպովին ատելու են ամբողջ աշխարհում: Ատելության համար հիմք կա. 8 զոհն ու 15 վիրավորը բավարար պատճառ են։ Երեկ նա Մանհեթենում պիկապով անցել է հեծանվային արահետով` վրաերթի ենթարկելով անցորդներին։
Հայաստանում էլ բազմաթիվ մարդիկ գիշերը գամվեցին հեռուստաէկրաններին` հետևելով, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ամերիկյան ողբերգությունը: Մենք այդպես էլ չկարողացանք սովորել ահաբեկչություն ասված ողբերգական երևույթին: Առավել ևս, երբ խոսքը հենց Ամերիկայի մասին է:
Չէ՞ որ Հայաստանում դժվար է գտնել մեկին, ով այնտեղ մոտ կամ հեռավոր ազգական, ծանոթ կամ ընկեր չունենա… Չէ՞ որ Ռուսաստանին հավասար ԱՄՆ-ում էլ հայկական մեծ համայնք կա: Երկու տեղում էլ ավելի քան երկու միլիոն հայ է բնակվում:
Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանում, ինչպես վկայում են տեղական ԶԼՄ-ների` վերջերս անցկացրած հետազոտությունները, ապրում է ավելի շատ մարդ, որոնք «ամերիկյան երազանք» ունեն: Ավելի կոնկրետ` «գրին քարտի» մասին, որն այդ երազանքն իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս:
Եվ ահա այդ երազանքը տապալեց մարդկանց վրաերթի ենթարկած ուզբեկ ահաբեկիչ Սայֆուլո Սաիպովը, որը ժամանակին հենց «գրին քարտի» շնորհիվ էր հայտնվել հայերի մեծամասնության երազանքների երկրում: Ահաբեկչությունից հետո Թրամփը հայտարարեց, որ «գրին քարտ» ստացողների ընտրությունն ավելի կխստացվի: Նշանակում է, որ այսուհետև շանսերն ավելի են նվազում:
Եվ եթե նախկինում, ինչպես պնդում են փորձագետները, «գրին քարտ» էին շահում 240-ից մեկը, ապա այժմ այդ թիվն ավելի կմեծանա:
Հայերն առաջինը չեն մոլորակում
Մի կողմ թողնենք հանցագործ Սայֆուլո Սաիպովին (հույս ունենալով, որ նա իր պատիժը լիովին կստանա): Առավել ևս, որ մեկ բնակչի հաշվարկով Ուզբեկստանը, ինչպես պարզվեց, հետխորհրդային տարածքում ամենից շատ հայտերն է լրացնում «գրին քարտի» համար (Ուզբեկստանից հետո Ուկրաինան է): Իսկ Սամարղանդում, պնդում են քաջատեղյակ մարդիկ, բնակչության գրեթե 90 տոկոսն է ամեն տարի լրացնում ցանկալի հայտը:
Վերադառնանք Հայաստան, որն, ինչպես պարզվում է, տարածաշրջանում ամենաշատ հայտերն է լրացնում «գրին քարտով» ԱՄՆ մեկնելու համար: Ավելի շատ, քան Վրաստանը և նույնիսկ Ադրբեջանը, որը երեք անգամ շատ բնակչություն ունի:
Եթե խոսենք թվերով, ապա կտեսնենք հետևյալ պատկերը: 2014 թվականին Հայաստանում 2000 երջանիկի է բաժին ընկել այդ քարտը, այն դեպքում, երբ Վրաստանում այդ թիվը 803 է եղել, իսկ Ադրբեջանում` 405:
Հաջորդ տարի հայտեր լրացնողների թիվն աճել է բոլոր երկրներում, բայց Հայաստանը, միևնույն է, կրկին առաջատարի դիրքում է: Հայտ է լրացրել 56 հազար մարդ, այն դեպքում, երբ նույն Ադրբեջանում, օրինակ, այդ թիվը կրկնակի պակաս է: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանում Ամերիկա մեկնելու երազանք ունի 6 անգամ շատ մարդ, քան Ադրբեջանու՞մ: Այդպես է ստացվում…
Ստեղծված իրավիճակը մի քանի բացատրություն ունի։ Երկրի բնակիչները դժգոհ են կենսապայմաններից, չեն կարողանում պատշաճ աշխատանք գտնել (հայի մտածելակերպի համար ավելի քան կարևոր պայման), հարազատներն ու ծանոթներն Ամերիկայում են:
«Արժանի» բիզնես փոքր բիզնեսի համար
Բայց կա ևս մի գործոն, որին, չգիտես ինչու, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բայց հավատացեք` էական գործոն է: Բանն այն է, որ Հայաստանում «գրին քարտ» լրացնելը լուրջ բիզնես է դարձել: Հիմնականում Երևանի կենտրոնում գտնվող մի շարք գրասենյակների պատուհաններին կարելի է կարդալ, որ պատրաստ են օգնել «գրին քարտի» հայտը լրացնելու կամ խաղարկությանը մասնակցելու հարցում. հայտարարությունների բովանդակությունը կախված է երևակայությունից:
Ծառայությունը երազանքին հասնելու հնարավորության համեմատ չնչին գումար է կազմում` 15-20 հազար դրամ: Շատերը մտնում են, վճարում, ինչ-որ բան ստորագրում: Ոմանք նույնիսկ մանրակրկիտ հետևում են գործընթացին և այլն: Կան մարդիկ, որոնք ամեն տարի են լրացնում այդ հայտը, թեև բազմիցս է հայտարարվել, որ լրացված հայտը մի կողմ չեն նետում, և այն իր հերթին է սպասում հաջորդ տարվա խաղարկությանը մասնակցելու համար:
Բազմիցս հայտարարվել է նաև, որ հայտի լրացումն անվճար է: Ինքնուրույն կարելի է վերբեռնել ֆայլը, տպել, լրացնել և ուղարկել, ամեն ինչ պարզ է ու հստակ: Բայց բիզնեսն, այնուամենայնիվ, ծաղկում է, և այդ նույն գրասենյակների աշխատակիցներից ոչ մեկը, իհարկե, պոտենցիալ հաճախորդին չի ասի` ահա քեզ առցանց հասցեն, որով դու կարող ես այդ ծառայությունն անվճար ստանալ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից:
Կամ մեր բնակչությունը համոզված է, որ «չես վճարի, չես մեկնի» ասացվածքն արդիական է, կամ էլ կարծում է, որ այդ գրասենյակների` խնամված ձեռքերով կանայք այնպիսի նրբություններ գիտեն, որ նրանց լրացված հայտը շահելու ավելի մեծ հավանականություն ունի… Համոզված եմ, որ այդ բիզնեսը շարունակելու է ծաղկել, և «մեկ էլ տեսար շահենք» հայտերի քանակն էլ տարեցտարի ավելանալու է: