Երևանի ժամանցային վայրերից մեկում կայացավ երգչուհի Սոնայի մենահամերգը: Երգչուհին իր հանդիսատեսին ներկայացավ հագեցած ծրագրով: Հնչեցին ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:
Նախքան համերգի սկսելը, երգչուհին Tert.am Life-ի հետ զրուցում նշեց, որ հայ հանդիսատեսին կարոտած է բեմ բարձրանալու:
«Սոնան երբեք չի կրկնվում: Ամեն անգամ նորովի եմ մատուցում երգերը: Հնչելու են թե 90-ականների, թե վերջին տարիների կատարումներս: Այս համերգը նշանակալից է նրանով, որ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթողներն այսօր կողքիս են՝ Մաշա Մնջոյանը և Ռաիսա Ավանեսյանը: Ի դեպ նշեմ, որ Ռաիսան, հատուկ այս համերգի համար, իմ կողքին լինելու համար, Թեհրանից եկել է Երևան»,- ասաց Սոնան:
Ռաիսայի խոսքով. «Սոնան աշխարհի, որ ծայրում էլ լինի ես նրա կողքին կլինեմ: Ինչ աշխատանք էլ ունենամ ամեն ինչ կիսատ կթողնեմ ու կգամ: Շատ ուրախ եմ, որ այսօր նրա կողքին եմ: Ամեն անգամ նոր բաներ եմ սովորում նրանից՝ թե իր բնավորությունից և թե կատարումներից»:
Համերգային ծրագրին Սոնան և Մաշան երգեցին իրենց նոր զուգերգը՝ «Run away», որի հիման վրա պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել:
«Արդեն չեմ պատկերացնում ինչպես կարող է Սոնան համերգ տա և ես ու Ռաիսան ներկա չլինենք: Դա կարծես մեզ մոտ կանոն դարձած լինի: Սոնայի համերգները միշտ անմոռանալի են անցնում: Նրանից միշտ կարող ես նոր բան սովորել: Ճիշտ է, մենք տարիքային տարբերություն ունենք, իհարկե ոչ շատ, բայց կարող ենք նստել և ընկերների նման զրուցել: Նա ինձ համար ընկեր է, մայր: Ես շատ ու շատ ուսուցիչներ եմ ունեցել, բայց Սոնան եկել է և մնում է: Իմ մեջ ինչ-որ չափով կա Սոնայի ձեռագիրը»,- ասաց Մաշան:
Համերգասրահում նկատելի աշխուժություն նկատվեց, երբ Սոնան կատարեց «Ромашки любви» երգը՝ վերհիշելով «Մեր բակի» դրվագները:
« «Մեր բակում» Մկոն շատ ճիշտ արեց, որ չամուսնացավ հետս: Դեռևս այն ժամանակվանից նրան ստիպում էի երգել: Պատկերացնում եք հիմա ինչ կլիներ (ծիծաղում է): Այնպես որ հիմա դուք ինձ հետ երգում եք»,- ասաց Սոնան:
Նշենք, որ Սոնայի կերպարի հեղինակը Անահիտ Սիմոնյանն էր:
life.tert.am
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի