Հաղորդավար, շոումեն Արա Կազարյանն այս շրջանում Նազենի Հովհաննիսյանի հետ վարում է «Հայաստանի ձայնը» նախագիծը: Օրեր առաջ BlogNews.am-ը հանդիպել է Արայի հետ, լուսանկարել և զրուցել վերջին շրջանում նրա անձի շուրջ քննադատությունների մասին: Ինչո՞ւ եթերում երևաց Արա Կազարյանի փորը, վատ ռակո՞ւրս էր, թե՞ ֆոտոշոփի արդյունք, քանի կիլոգրամ նիհարեց՝ ապացուցելու, որ կամքի ուժ ունի, և ինչ են խոսում «Հայաստանի ձայնը» նախագծում նրա ներկայության մասին:
Արան նշում է, որ առաջարկը ստանալուց հետո միանգամից համաձայնվել է, և դրան նպաստել են երկու կարևոր բաղկացուցիչներ. «Նախ՝ համաշխարհային ճանաչում ունեցող նախագիծ է և այնպիսի ձևաչափ, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն կցանկանա իր եթերում ունենալ, և ցանկացած հաղորդավարի համար մեծագույն պատիվ է, երբ նրան հրավիրում են նախագիծը վարելու: Երկրորդ կարևոր նախադրյալն այն էր, որ արվել էր առաջարկ հեռուստաընկերության ղեկավարության կողմից՝ մարդկանց, ովքեր իմ անմիջական ղեկավարներ են: Այնպես որ, մի քանի կարևոր բաղկացուցիչներ միավորվեցին, և ես ընդունեցի առաջարկը»:
Նազենի Հովհաննիսյանի հետ առաջին անգամ է նույն նախագծում, չնայած առիթներ ունեցել են միասին միջոցառումներ վարելու. «Ես չափազանց ադեկվատ մարդ եմ: Կարողանում եմ լեզու գտնել ցանկացած մարդու հետ և իմ աշխատանքային կարիերայի ընթացքում այնպիսի ղեկավարների հետ եմ աշխատել, որոնք ունեն չափազանց բարդ մարդկանց համբավ, իսկ մեկ ժամ բեմում կանգնելը և նախագիծ վարելը խնդիր չէ ինձ համար, յուրաքանչյուրի հետ էլ լեզու կգտնեի: Իհարկե, այս դեպքում շատ հաճելի է, որ իմ գործընկերուհին Նազենին է»:
Հարցին՝ երկու պրոֆեսիոնալների ներկայությունը նախագծին չի խանգարում, և արդյոք չկա մրցակցություն, Արան այսպես պատասխանեց. «Կա, իհարկե, նման բան: Ես չեմ ուզում ժխտել այն փաստը, որ ես մարդ եմ, ով սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Ես և Նազենին սիրում ենք, երբ լույսերը մեզ վրա են լինում. կարծում եմ՝ դուք դա շատ լավ նկատել եք: Մենք չենք նստում, չենք քննարկում, մենք փորձեր չենք անում: Մենք հանդիպում ենք բեմում, վարում ենք, և յուրաքանչյուրս գնում է իր գործին: Ես գալուց առաջ հասկացել եմ, թե ինչ ֆորմատի հաղորդման եմ գնում, այս նախագիծը ժյուրիի և մասնակիցների մասին է և ամենավերջում՝ հաղորդավարների»:
Արան նաև պրոդյուսեր է, ով հեղինակել է բազմաթիվ սերիալներ, նախագծեր: Այն հարցին՝ որպես պրոդյուսեր ինչպես է գնահատում «Հայաստանի ձայնը»-ը, և որպես հեռուստադիտող ինչքանով է հետաքրքիր այն իր համար, Արան ասաց. «Ես այս պահին ինչ էլ որ ասեմ, կասեմ ոչ անկեղծ բառեր: Եթե հիմքում չկա անկեղծություն, ես ազնվորեն շրջանցում եմ պատասխանը: Կան կորպորատիվ կանոններ, որոնց ամեն դեպքում պետք է հետևել: Շատ հաճույքով կքննարկեմ և կքննադատեմ նախավերջին ռուսական «Ձայնի» մարզիչներին, օրինակ՝ Գրիգորի Լեպսին, ով բնավ ինձ դուր չէր գալիս, ավելին՝ նյարդայնացնում էր: Մեր մարզիչների թիմին չեմ կարող քննարկել, քանի որ պրոդյուսերական կազմն այդպես է հարմար գտել: Չմոռանանք, որ նրանցից յուրաքաչյուրն իր վաստակն ունի, սիրված է և ունի իր լսարանը»:
Ինչպես ժյուրիի ընտրությունը, այնպես էլ Արայի՝ նախագծում լինելը քննադատությունների, ինչպես նաև քննարկումների առիթ դարձավ մամուլում: Շատերն ասում էին՝ Հայաստանում չկա՞ր հաղորդավար, որ պետք է ԱՄՆ-ից գար։ Այս ամենի կողքին շատերը նկատեցին Արայի գեր լինելը. «Գրում և խոսում, բարձրաձայնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ներկայանում են բացասական կարծիքներով, դրականը միշտ պահում են իրենց մեջ և երբեք չեն գրում, քանի որ բարի մարդիկ հիմնականում ժլատ են իրենց մեկնաբանություններում: Իմ դեպքում երկու թեմա էր քննարկվում մինչ օրս: Առաջին՝ ինչո՞ւ մենք չունենք այնպիսի հաղորդավար, որ ԱՄՆ-ից են կանչել, այդքան փող ծախսել, թանկ ու կրակ բերել: Թանկ ու կրակի հարցը թող մնա գաղտնի, ամեն ինչ այս աշխարհում ունի իր գինը, իսկ ինչ վերաբերում է այլ հաղորդավարին, նախագծի պրոդյուսերներն այդպես են հարմար գտել: Երկրորդն իմ ավելորդ կիլոգրամներն էին: Ասեմ, որ ես առաջին անգամ իմ կյանքում ինքս իմ որոշմանը դեմ գնացի, արեցի այն, ինչ չէի պլանավորել: Ես պլանավորել էի, որ ամբողջ նախագծի ընթացքում թե՛ բեմում և թե՛ կուլիսներում պետք է լինեմ պիջակով: Այն թաքցնում էր անգամ այդ մի քանի կիլոգրամը: Կար ռակուրսների խնդիր, կար գույնի խնդիր, և արդյունքում եղավ մի փոքրիկ, ինձ համար էլ ոչ այնքան հաճելի պատկեր, բայց ես կարող եմ թվարկել շատ հաղորդավարների, շոումենների, ովքեր կիլոգրամներով ավել են ինձանից և ավելի ցածրահասակ: Օփրան իր հաջողությանը հասել և աշխարհի ամենահարուստ կինն է դարձել, երբ շատ գեր էր, բայց ոչ մի ամերիկացու մտքով չանցավ, որ նա գեր է: Ես ես չէի լինի, եթե «Մենամարտեր» փուլին չգայի տասը կիլոգրամ նիհարած: Այն մարդկանց, ում համար առաջին պլանում իմ ավելորդ քաշն էր, ես ցանկացա հնարավորություն տալ առանց այդ 10 կգ-ի ինձ տեսնելու և փորձելու ուրիշ բան նկատել իմ մեջ: Թող տեսնեն նիհար Արա Կազարյանին և հասկանան՝ որ տեսակն են ավելի հավանում»,- եզրափակեց հաղորդավարը: