10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասան Հայկ Զորիկյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասան Հայկ Զորիկյանը

168.am-ն իր ֆիլմեր առաջարկելու գործընթացի շրջանակներում այս շաբաթ հյուընկալել է 1983թ. ծնված, 2003թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, 2006թ.` թատերագիտական բաժնի ասպիրանտուրան ավարտած դերասան Հայկ Զորիկյանին: Վերջինիս տասնյակում տեղ են գտել կինոյի և թատրոնի խորհրդային ռուս ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, գրող և հասարակական գործիչ Մարկ Զախարովի 5 ֆիլմ, 2 ֆիլմ ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր Ուես Անդերսոնից և ևս 3 ֆիլմ, որոնք ներկայացված են հաջորդիվ:

«Այն նույն Մյունհաուզենը» (Тот самый Мюнхгаузен)

1979 թվականին Մարկ Զախարովը սկսեց «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի նկարահանումները, որի հիմքում ընկած է Գրիգորի Գորինի «Ամենաարդարը» ստեղծագործությունը:

Ֆիլմը պատմում է XVIII դարում ապրած բարոն Մյունհաուզենի (Օլեգ Յանկովսկի) կյանքի և սիրային արկածների մասին: Բարոնը ցանկանում է ամուսնանալ իր սիրելի Մարթայի (Ելենա Կորենևա) հետ, բայց եկեղեցին հրաժարվում է ամուսնացնել նրանց, քանի որ բարոնը կին ունի: Այս ամենից հոգնած Մարթան ցանկանում է, որպեսզի Բարոնը դառնա բոլորի նման, բայց Բարոնը չի ցանկանում և չի էլ կարող անել դա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սովորական հրաշք» (Обыкновенное чудо)

Կինոյի և թատրոնի ռուս ռեժիսոր Մարկ Զախարովի «Սովորական հրաշք» երկու մասից բաղկացծղ հեռուստաֆիլմը հիմնված է Եվգենի Շվարցի համանուն պիեսի վրա:

Ժամանակը եկավ. հրաշագործը (Օլեգ Յանկովսկի) ամուսնացավ և հանդարտվեց: Բայց մի անգամ, անտառում հանդիպելով արջի, այուամենայնիվ, չկարողացավ տիրապետել իրեն՝ կենդանուն վերածելով գեղեցկադեմ երիտասարդի (Ալեքսանդր Աբդուլով), և նրա առջև պայման դրեց. եթե նրան մի օր համբուրի արքայադուստրը, նա նորից արջի կվերածվի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սպանել վիշապին» (Убить дракона)

Ռեժիսոր Մարկ Զախարովի ֆիլմը պատմում է քաղաքի մասին, որն արդեն երկար տարիներ գտնվում է Վիշապի (Օլեգ Յանկովսկի) տիրապետության տակ, ուր հայտնվում է թափառող ասպետ Լանցելոտը (Ալեքսանդր Աբդուլով): Ասպետի պարտքը դաժան բռնակալի դեմ պայքարելն է: Բայց Բուրգոմիստրը (Եվգենի Լեոնով) նրան համոզում է հրաժարվել մենամարտից՝ պատճառաբանելով, որ մարդիկ չեն կարող ապրել առանց բռնապետի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սիրո բանաձև» (Формула любви)

Մարկ Զախարովի երաժշտական կոմեդիան պատմում է Ջուզեպպե Կալիոստրոյի (Նոդար Մգալոբլիշվիլի) մասին: Գրաֆ Կալիոստրոն փորձում է գրավել երիտասարդ Մարիա Իվանովնայի (Ելենա Վալյուշկինա) սիրտը, բայց՝ ապարդյուն:

Գավառական արվարձանում, ուր ճակատագրի բերումով հայտնվում են ճանապարհորդները, ապրում է մի երիտասարդ՝ սիրահարված մարմարե արձանին: Կալիոստրոյի օգնությամբ նա հույս ունի կենդանացնել արձանին, բայց  Մաշայի հետ հանդիպումն ամեն ինչ փոխում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Տունը, որ կառուցել է Սվիֆտը» (Дом, который построил Свифт)

Մարկ Զախարովի հերթական՝ «Տունը, որ կառուցել է Սվիֆտը» ֆիլմը հիմնված է Գրիգորի Գորինի համանուն պիեսի վրա:

Անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթը (Օլեգ Յանկովսկի) տարօրինակ տուն է կառուցել: Այնտեղ իրականությունը միաձուլվել է հորինված իրականության հետ, կենդանություն են առել գրքի հերոսները:

Պատմելով անհավանական և իրական պատմություններ՝ տանտերը փորձում է մարդկանց բացահայտել կյանքի գաղտնի իմաստը և գուցե փոխակերպել նրանց կյանքը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գնացք Դարջիլինգի վրայով» (The Darjeeling Limited)

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր Ուես Անդերսոնի «Գնացք Դարջիլինգի վրայով» ֆիլմը պատմում է երեք հիմար եղբայրների մասին, ովքեր իրենց հոր մահից հետո մեկ տարի իրար հետ չէին խոսել, և այժմ հայտնվել են գնացքում, որն անցնում է Հնդկաստանի միջով: Այստեղ նրանք լսելով իրենց ավագ եղբոր կոչը՝ որոշում են միավորվել ճամփորդության ընթացքում, որը պետք է օգնի իրենց վերականգնել թուլացած ընտանեկան կապերը:

Բայց շուտով միմյանց չվստահող հարազատները վիճում են, ինչի արդյունքում հայտնվում են անապատի կենտրոնում: Եվ սա դեռ ամենը չէ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (The Grand Budapest Hotel)

Ուես Անդերսոնի ֆիլմը պատմում է լեգենդար մսյե Գուստավի (Ռեյֆ Ֆայնս) և նրա երիտասարդ ընկեր, միջանցքային սպասավոր Մուստաֆա Զերոյի (Թոնի Ռվոլորի) հետաքրքրաշարժ արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցներն ականատեսն են դառնում գողության, Վերածննդի դարաշրջանի անգին կտավի որոնումների, հարուստ ընտանիքի ժառանգության համար պայքարի, ինչպես նաև… XX դարի երկու արյունալի պատերազմների ընթացքում Եվրոպայի դրամատիկ փոփոխությունների:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Լոբստեր» (The Lobster)

Հույն դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և մոնտաժի մասնագետ Յորղոս Լանտիմոսի աբսուրդիստական ժանրի, դիստոպիական դրամատիկ կատակերգությունը՝ «Լոբստերը», սիրո պատմություն է, որը ծավալվում է մոտ ապագայում, երբ միայնակ մարդկանց ձերբակալում են և ուղարկվում են գարշելի հյուրանոց: Այնտեղ նրանք պարտավոր են գտնել իրենց զույգին 45 օրվա ընթացքում: Եթե չի հաջողվում գտնել երկրորդ կեսին, միայնակներին վերածում են կենդանիների և ուղարկում են անտառ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Բրյուգգեում» (In Bruges)

Իռլանդական ծագմամբ անգլիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դրամատուրգ Մարտին ՄաքԴոնախի տրագիկոմեդիան պատմում է վարձու մարդասպաններ Ռեյի (Քոլին Ֆարել) և Քենի (Բրենդան Գլիսոն) մասին, ովքեր Լոնդոնում կարևոր առաքելությունը կատարելուց հետո իրենց բոսս Հարիից (Ռեյֆ Ֆայնս) Բրյուգգե գնալու և այնտեղ թաքնվելու հրաման են ստանում: Հայտնվելով հին բելգիական քաղաքում՝ Ռեյը պարապությունից ֆլիրտ է անում տեղացի գեղեցկուհու հետ, մինչդեռ Քենը վայելում է կյանքը և արձակուրդը: Թվում է՝ այս հանգիստ քաղաքում ոչինչ տեղի չի ունենա…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Նավթ» (There Will Be Blood)

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Փոլ Թոմաս Անդերսոնի կողմից 2007 թվականին նկարահանված «Նավթ» ֆիլմը 1928 թ. գրված Էպտոն Սինկլեիրի «Նավթ» վեպի էկրանավորում է:

Դեպքերը տեղի են ունենում 1920-ականների Կալիֆոռնիայում և պատմում են նավթային մագնատ Պլեյնվյուին (Դանիել Դեյ-Լյուիս) պատկանող ընկերության վերելքի մասին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան