Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական և հանրակրթական հաստատությունների բոլոր տնօրենների հետ հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուները ներկայացրին «Պապիլոմավիրուսի» պատվաստանյութի ներդրման նախապատրաստական միջոցառումների հերթականությունը և ծրագրի իրականացման կարևորությունը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դասընթացավարները հանդիպման մասնակիցներին տեղեկացրին, որ «Պապիլոմավիրուսի» պատվաստանյութի ներդրման համար, համաձայն Հ ՀՀ ԱՆ համապատասխան հրամանի, հիմնական դերակատարում ունեն հատկապես կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև վերապատրաստվող բուժանձնակազմը:
«Պապիլոմավիրուսի» պատվաստանյութի ներդրումով մենք կկանխարգելենք արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը, որով տառապում են կանայք, որը շարունակում է սպառնալ շատերին:
Պատվաստանյութի ներդրումից առաջ ոչ միայն կարևոր է իմունականխարգելման գործընթացում ընդգրկված բուժանձնակազմի վերապատրաստումը, այլ նաև բնակչության շրջանում պատվաստանյութի ներդրման կարևորության մասին իրազեկումը: Այստեղ մեծ դեր ունեն հենց կրթության և առողջապահության ոլորտի աշխատակիցները: Առաջիկայում կհստակեցվեն պատվաստանյութի ներդրման հետ կապված ժամկետները և անելիքները»,- ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
«Պապիլոմավիրուսի» պատվաստանյութի ներդրման նպատակով կազմակերպվող դասընթացների ծախսերն իրականացվում են ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի միջոցներով:
Խոսրով Խլղաթյան