Մայամիում ոստիկանության սպան ամերիկյան ֆուտբոլի մրցախաղի ժամանակ հարվածել է կին երկրպագուի դեմքին, երբ նրան երեք այլ իրավապահների հետ միասին դուրս էր տանում տրիբունայից: Այդ մասին գրել է The Independent-ը:
Միջադեպը հայտնվել է տեսանյութում: Ոստիկանը դեմքին հասցված հարվածով պատասխանել է ենթադրաբար ոչ սթափ վիճակում գտնվող կին երկրպագուի կողմից ստացած ապտակին: Դատելով ըստ ամենայնի՝ աղջիկը կորցրել էր գիտակցությունը:
Ոստիկանության տվյալներով՝ կին երկրպագուն մարզադաշտում վիճում էր այլ հանդիսատեսների հետ և բարձրաձայն հայհոյում էր:
Մրցախաղից հետո նրան հասարակական կարգը խախտելու մեղադրանքներ են առաջադրվել:
Տեսահոլովակի շուրջ կարծիքներ են հայտնել տասնյակ հազարավոր մարդիկ: Շատերը ոստիկանին մեղադրել են լիազորությունները վերազանցելու մեջ և պահանջել են նրան հեռացնել աշխատանքից: Ոմանք էլ դեմքին հասցված հարվածը «բնական» հակազդում են համարել աղջկա գործողություններին: