Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։10-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Hyundai Accent մակնիշի 34 AD 573 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 77 ՏX 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին տեղադրված թոնրատան սննդի կետի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են «յաշիկում» առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «յաշիկի» վարորդին դեպքի վայրից տարել են։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ։
Հետաքննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու Ճանապարհային Ոստիկանությունը պարզում են «յաշիկի» խորհրդավոր վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: