Քիմ Քարդաշյանը, որին լույս հոկտեմբերի 3-ի գիշերը կողոպտել են Փարիզում, ոստիկանությունում անցկացված հարցաքննությունից հետո շտապ կարգով մասնավոր ինքնաթիռով լքել է Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
«Նա վաղ առավոտյան մեկնել է Լը Բուրժե օդանավակայանից»,- նշում են գործակալության աղբյուրները:
Մինչ այդ Քարդաշյանը զրուցել է ֆրանսիացի քննիչների հետ, որոնք զբաղված են հանցագործների որոնմամբ:
«Գործի են դրված բոլոր ուժերը, որպեսզի լույս սփռվի այս միջադեպի վրա եւ ձերբակալվեն մեղավորները: Հետաքննությունը հանձնարարված է Փարիզի քրեական ոստիկանության բանդիտիզմի եմ պայքարի խմբին»,- հայտնել են ոստիկանության մարմիններում:
Ավելի վաղ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են, որ Փարիզում ամերիկյան ռեալիթի-շոուների աստղից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:
Ավազակային հարձակմանը մասնակցել է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ էին հագել: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում է:
Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: