Կանայք ջանք ու եռանդ չեն խնայում միշտ խնամված ու գեղեցիկ տեսք ունենալու համար։ Երբեմն, ցանկալի արտաքին տեսքն ունենալու համար բավական է խնամված լինելը, երբեմն էլ պլաստիկ միջամտությունների կարիք է լինում։ Թեև մեզանում վախ կա պլաստիկ վիրահատություններից, որովհետև հաճախ մեր շուրջը տեսնում ենք արհեստական տիկնիկների, պլաստիկան կարող է նաև շատ գեղեցիկ ազդեցություն ունենալ, եթե չափավոր է արվում։
Gold’s International Medical SPA կենտրոնի հրավերով այս օրերին Հայաստանում էր հրեա պլաստիկ վիրաբույժ Գադ Ռեներթը, որն առանձնանում է վիրաբուժական իր մեթոդներով։ Tert.am Life–ի հետ զրույցում կենտրոնի գլխավոր բժիշկ և ղեկավար Քրիստինա Բաբայանն ասաց, որ ժամանակին ուսանել է հայտնի բժշկի մոտ և վաղուց է ցանկացել նրան հրավիրել Հայաստան։
«Միշտ նպատակ եմ ունեցել իրեն հրավիրել Հայաստան, որպեսզի տեսնի մեր երկիրը, ինչպես նաև կոնսուլտացիաներ, միջամտություններ անի Հայաստանում։ Կարծում եմ` հայ կանանց համար լավ հնարավորություն է խորհրդակցելու նման մասնագետի հետ»,- ասաց նա ու հավելեց, որ Գադը մի քանի ամսից կրկին կգա Հայաստան` արդեն հիվանդանոցային պայմաններում վիրահատություններ անելու նպատակով։
«Այս անգամ նա կոնսուլտացիաներ ու մի քանի միջամտություններ արեց։ Պրոցեդուրաները համատեղ ենք արել, հետագա ընթացքը ես եմ հսկելու։ Նա ունի աշխատանքային իր մեթոդները, որոնք շատ արդյունավետ են։ Իր վիրահատություններից հետո հիվանդներն ավելի հեշտ են վերականգնվում, քանի որ կտրվածք, գրեթե, չի անում։ Նույնիսկ քթի վիրահատության ժամանակ կտրվածք չի անում։ Իր ֆիշկան այն է, որ վիրահատություններն անում է նվազագույն տրավմաներով։ Շատ աստղեր տարբեր երկրներից գալիս են իր մոտ վիրահատվելու»,– ասաց բժշկուհին, ապա հավելեց, որ Գադն անում է դեմքի հետ կապված տարբեր վիրահատություններ, կրծքագեղձի վիրահատություն, ճարպի տրանսպլանտացիա և այն։
Քրիստինան հայտնեց, որ այս օրերի ընթացքում շատերն են ցանկացել խորհրդակցել պլաստիկ վիրաբույժի հետ, սակայն ժամանակը սահմանափակ է եղել։ Նա վստահ է, երբ վիրաբույժը Հայաստան գա վիրահատություններ անելու նպատակով, ցանկացողների բանակը շատ ավելի մեծ է լինելու, քանի որ որևէ մեկը չի ցանկանա բաց թողնել նման մասնագետի մոտ արտաքին փոփոխությունն անելու հնարավորությունը։