Պրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանի որդին` Շառլը, երեկ դարձել է 10 տարեկան, ինչի կապակցությամբ տարբերվող միջոցառում է ունեցել։ Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմեց, որ օրը կազմակերպելիս հաշվի են առել Շառլի նախասիրությունները։
«Ինքն էլ, քույրն էլ, ֆուտբոլի մեծ սիրահարներ են։ Ընկերներով հավաքվեցին սպորտային համալիրներից մեկում, որտեղ ֆուտբոլ խաղացին, այնուհետև ճաշեցինք, տարբեր խաղեր խաղացին։ Մանկական սրճարանի փոխարեն ընտրեցինք սպորտային համալիր, քանի որ ինքն էլ արդեն անցել է այդ տարիքից։ Արդեն 10 տարեկան է, ունի կայուն հետաքրքրություններ»,- ասաց մայրն ու հավելեց, որ նախկինում էլ շատ մանկական միջոցառումներ չեն կազմակերպել, քանի որ երեխաների ծնունդները ևս առիթ են հարազատ ու մտերիմ մարդկանց հետ հանդիպելու։ Հյուրերը երբեք միայն երեխաներ չեն եղել։
Պրոդյուսերի ընտանիքում ավանդույթ է հոբելյարին շնորհավորել կեսգիշերին։ Շառլի տարեդարձն էլ բացառություն չէ։ Կեսգիշեին նրանք հյուրեր են ունեցել, որոնց հետ տոնել են փոքրիկ դերասանի 10-ամյակը։
«Մեր տուն եկան եղբայրս, մեր քավորը` իրենց ընտանիքներով, գործընկերներս։ Շառլը շատ ուրախացավ այդ ամենից, որովհետև շատ է ոգևորվում նման բաներից։ Փոքրիկ միջոցառմանն էլ տոնական տրամադրությամբ է սպասում։ Ամանորին էլ է այդպես սպասում. սիրում է, որ բոլորը ներկա են լինում, հայրն այստեղ է լինում»,- պատմեց Դիանան։
Տարեդարձին հայրը ներկա չէր, քանի որ ԱՄՆ-ում է, սակայն իր նվերներով ուրախացրել է որդուն։ Ընտանիքի անդամներն ամեն բան արել են` տան փոքրին հաճելի անակնկալներ համար։ «Հայրն իրեն զինեց հերթական տեխնիկայով` լավ նոութբուքով, որը նաև որպես iPad է ծառայում իրեն։ Մենք էլ իրեն ոսկյա շղթա նվիրեցինք սուրբ գրքով, որի մեջ գրված է «Հայր մեր»-ը։ Շատ էր ուզում ունենալ դրանից, որովհետև Ալլային նվիրել էինք, իրեն ոչ»,- ասաց մայրը։
Դիանան նշեց, որ որդին առանձնանում է իր հոգատարությամբ ու բարությամբ։ «Շառլի մոտ հենց այս տարիքից ձևավորված է խորը ազնվազարմություն, հարգանք, ուշադրություն մեծի հանդեպ։ Նա շատ ուշադիր է թե՛ իմ, թե՛ իմ մոր հանդեպ։ Բարությունը հորդում է իրենից։ Յուրահատուկ երեխա է։ Այս տարիքից պարտադիր մեքենայի դուռը կբացի, որպեսզի մայրս իջնի, դուրս գալուց կհարցնի` տաք շոր չենք վերցնում, որ մաման չմրսի։ Շատ ուշադիր է, գնահատող։ Իսկապես, ջենտլմեն է դեռ այս տարիքից,– հպարտությամբ ասաց նա, ապա հավելեց,– Ես իրեն դեռ մանկան պես եմ սիրում, Ալչկային չեմ կարողանում էդպես սիրել` գուրգուրել, համբուրել, քանի որ արդեն մեծ է, իսկ իր մեջ դեռ կա այդ մանկությունը, փոքրիկ չարաճճիությունը»։
Ըստ պրոդյուսերի` երեխաներին շատ են սիրում, սակայն երես չեն տալիս։ Ըստ Դիանայի` Շառլը, որպես տան ամենափոքր անդամ, առավելություններ չունի. «Երկուսին էլ հավասարապես ուշադրության ենք արժանացնում, սակայն իրենք երես չեն առնում։ Բացի դաստիարակությունը, իրենց բնությունն է այդպիսին։ Իրենք տեսած են, այս տարիքում շատ երկրներում են եղել։ Ոչնչից չենք զրկել իրենց, մասնավորապես, իրենց հայրն ամեն ինչ արել է, որ իրենք ամեն ինչ տեսնեն։ Միևնույն է, իրենք մնում են զուսպ, համեստ։ Դա իրենց բնությունն է, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նման շռայլ պարգև է արժանացրել»։
Այս պահին Շառլը հավելյալ զբաղմունքներ չունի, սակայն շուտով ֆուտբոլի պարապմունքների է գնալու։ «Շատ է ուզում ֆուտբոլի գնալ։ Փորձում ենք ժամանակի մեջ տեղավորվել։ Երեխայի համար շատ եմ կարևորում սպորտով զբաղվելը։ Նախ` առողջական վիճակի համար, երկրորդ` չգիտես` ինչ կստացվի, գուցե, կարողանա, իսկապես, փայլել այդ դաշտում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է որդու` նկարահանման հրապարակ վերադառնալուն` Դիանան առայժմ չի մտածում այդ մասին. «Շատ եմ ուզում, որ Շառլիկը նկարահանվի, չգիտեմ` ինչով է կարողացել հմայել բոլորին, որովհետև ինձ շատ են հարցնում` ինչու չի նկարահանվում, սակայն հիմա ֆիզիկապես չենք հասցնի»։
Երիտասարդ մայրիկ լինելը Դիանայի համար հպարտության և ոգևորության առիթ է։ «Ես երջանիկ մայրիկ եմ։ Իմ տարեկիցներից շատերն ամուսնացած էլ չեն կամ դեռ փոքր երեխաներ ունեն։ Ինձ համար և՛ առավելություն է, և՛ հպարտություն, որ տղաս արդեն 10 տարեկան է, աղջիկս` 12 տարեկան օրիորդ։ Նույնիսկ չհասկացա` ինչպես մեծացան, կարելի է ասել, միասին մեծացանք։ Ես հպարտանում ես իրենցով։ Շնորհակալ եմ նաև մայրիկիս, որ ինձ օգնել է իրենց մեծացնելու հարցում»,- եզրափակեց նա։