Պերճ Զեյթունցյան. գրող, թատերագիր
– Խորեն Աբրահամյանը ծնվեց 75 տարի առաջ ապրիլի 1-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ խաբելու օրը, բայց, հակառակի պես, նա հետագայում ընտրեց մի մասնագիտություն, որում անհնար է խաբել: Արվեստում ճշմարտախոս պետք է լինել: Խորենը տասնամյակներ շարունակ կռիվ է տվել էկրանի, բեմի վրա՝ իր դեմ, հասարակարգի դեմ, գրաքննության դեմ՝ հանուն ճշմարտության, գեղարվեստական ճշմարտության: Նա այն փայլուն դերասաններից է, որոնք շատ չեն՝ երեք-չորս հոգի են: Մենք ունենք մեծություններ, որոնք եկան, հետո հեռացան, բայց աշխարհը չիմացավ նրանց գոյության մասին: Դա աշխարհագրական փակուղու մեջ գտնվելու հետևանք է: Քաղաքական փակուղու պատճառով աշխարհը չճանաչեց նաև շատ հանճարեղ ռուս դերասանների: Ամերիկացի միջակ դերասաններին բոլորը գիտեն: Խորենի հետ մենք արել ենք երեք ներկայացում և մեկ ֆիլմ: «Անավարտ մենախոսությունում» և «Խոր Վիրապում» նա և՛ բեմադրիչ էր, և՛ գլխավոր դերակատար: «Խոր Վիրապն», իմ կարծիքով, անհաջող ներկայացում էր, իսկ «Անավարտ մենախոսությունը» փառավոր էր: Խորենը թագավոր էր բեմում: Հայ բեմում իմ տեսած լավագույն ներկայացումը «Կորիոլանն» էր, որը ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացավ: Գիտեք, այն ժամանակ չգրված օրենք էր, որ շեքսպիրյան դեր խաղալու համար մրցանակներ չէին տալիս, բայց ներկայացումն այնքան ուժեղ էր, որ այդ չգրված օրենքը ճեղքեց: Կյանքում էլ էր Խորենը թագավոր, արքայավայել կեցվածք ուներ՝ սլացիկ, բոյով-բուսաթով, վզից ոսկե շղթա կախած, արևային ակնոցներով, երբ արև էլ չկար, սիրուն հագնված: Ներկայանալի մարդ էր: Ժողովուրդը միշտ սիրում է այդպիսի մարդկանց իր մակարդակին իջեցնել, որ հասկանալի, ընթեռնելի դառնան: Ամերիկացիները, ի տարբերություն մեզ, ձգտում են իրենց արտիստներին իդեալներ դարձնել: Իսկ մենք՝ հակառակը: Բայց Խորենն, ի պատիվ իրեն, երբեք չիջավ այդ մակարդակին: Նա գիտեր՝ ինչպես անել, որ իրեն սիրեն, նա շատ խելոք մարդ էր, բայց չարեց: Իջնելու այնքան շատ փորձեր են եղել, տեսել ենք մեր շուրջը: Խորեն Աբրահամյանը բեմի տիրակալ էր, բայց իր հետ վատ վարվեցին՝ նա 20 տարի տուն չուներ, ոչ թե բնակարան, այլ տուն, թատրոն: Եվ մենք հանդուրժեցինք այդ աբսուրդ վիճակը, հաշտվեցինք այդ մտքի հետ: Պարզ է, որ Խորենը խռոված գնաց այս աշխարհից, բայց հանդիսատեսին խռով չթողեց, նրա վերջին ներկայացումը՝ «Ջին խաղը», հոյակապ էր:
Սուրեն Հասմիկյան. արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր
– Խորեն Աբրահամյանի մասին շատ հեշտ է խոսել: Բայց պարզապես «մեծ», «տաղանդաշատ» ասելով` կարծես ուզում ենք այդ բառերը տեղավորել հանրագիտարանի մեջ. դա այն չէ: Միշտ պետք է փորձել կոնկրետ անձին բնորոշ հատկանիշները տեսնել ու ընդգծել: Ըստ իս, իր դերասանական ներուժով ու դիապազոնով նա կարող էր համեմատվել հայ թատրոնի ամենամեծերի հետ, նույնիսկ ռուս թատրոնի մեծ դերասանների հետ: Խորեն Աբրահամյանը չի զիջում իր դերասանական պոտենցիալով նույնիսկ Սմոկտունովսկուն: Եվ չէի ասի, որ նա միայն դերասան էր, նա փորձեց ռեժիսոր լինել, ու իր մի քանի ռեժիսորական աշխատանքներում, այդ թվում՝ «Հացավանում», դրսևորեց իրեն՝ որպես մասսայական տեսարանների հոյակապ բեմադրիչ: Կարելի է մտածել, որ նա հաջողված դերասան ու ռեժիսոր էր, էլ ի՞նչ էր ուզում որպես անձ: Սակայն նրա ամենաբնորոշ գիծը բողոքականությունն էր: Նա երբեք չէր հաշտվում, իրեն ավելի շատ բան էր պետք: Կարծես նա կռվում էր ամբողջ աշխարհի հետ, ամեն ինչի հետ և ուզում էր ողջ աշխարհին տիրել՝ առանց մտածելու, որ դա հնարավոր բան չէ, ինչ-որ սահման պիտի լինի: Եվ քանի որ չէր հաշտվում այդ սահմանի հետ, միշտ մնում էր դժգոհ և՛ աշխարհից, և՛ շրջապատից, և՛ ինքն իրենից: Ընդ որում, այդ դժգոհությունը իշխանություններին չէր վերաբերում՝ իշխանության հետ նա գտնում էր հաշտության եզրեր: Այդ չէր խնդիրը: Լայն իմաստով՝ աշխարհին տիրանալու ցանկությունը դրեց իրեն ողբերգական վիճակի մեջ: Նրա վերջնագիծը ողբերգական էր: Այնպես ստացվեց, որ նա մի քանի տարի հայտնվեց իր Մայր թատրոնից դուրս, գնաց Ամերիկա: Իհարկե, ծանր էր՝ միայնությունը միշտ ծանր բեռ է յուրաքանչյուր արվեստագետի համար: Չնայած, Խորիկի բոլոր ստեղծած կերպարները համապատասխանում էին իր նկարագրին: Նա էլ էր բողոքական, իր պերսոնաժներն էլ: Նույնը չենք կարող ասել, օրինակ, Ֆրունզիկ Մկրտչյանի կամ Հրաչյա Ներսիսյանի մասին: Նրանք կյանքից կարծես թե դժգոհ չէին, իսկ Խորենը միշտ դժգոհ էր: Այդ դժգոհությունը ծնում էր թշնամիներ, որոնց բանակն ավելին էր, քան պետք է: Բողոքականությունը բնավորության ու տաղանդի տեսակ է: Նա շատ մեծ արվեստագետ էր: Իր վերջին՝ «Ջին խաղը» ներկայացման մեջ, որը խաղաց իր տիկնոջ հետ, Խորիկը փորձեց հաշտության եզրեր գտնել իր տաղանդի հետ ու կարծես թե գտավ: Ստացվեց հարմոնիկ, անկեղծ վիճակ: Դա նրա կարապի երգն էր: Հանդիսատեսը Խորիկին բարդ էր վերաբերվում: Միանշանակ ասել, որ իրեն շատ էին սիրում, չի կարելի: Գնահատում էին, հարգում, հիանում, այո: «Առաջին սիրո երգը» ֆիլմում հիանում էին նրա աչքերով, «Կապկազ թամաշա» բեմադրության մեջ, որտեղ նա դիմակով էր, հիանում էին նրա հանճարեղ պլաստիկայով, որը ռեժիսորները հաճախ չէին օգտագործում: Բայց հանդիսատեսին ինչ-որ բան խանգարում էր, որպեսզի Խորիկի հմայքն ընդունի: Խորիկը, կարծում եմ, ավելի մեծ դերասանական պոտենցիալ ուներ, քան Արմեն Ջիգարխանյանը, բայց մնաց սահմանափակ հայկական միջավայրում: Հարցն ազգայինի մեջ չէր, նրանց դաշտն էր տարբեր: Մի դեպք եմ հիշում, երբ Խորիկն ու Արմենը, էլի մի քանի հոգի, ես էլ՝ այդ թվում, նայում էինք «Երևանյան օրերի խրոնիկայի» նյութերը, Արմենն ասաց. «Խորիկ, էդ ի՞նչ ես անում կադրում, խենթացե՞լ ես, էդ ինչպե՞ս ես աշխատում: Քանի՞ խնդիր ես միաժամանակ խաղում: Մի կադրում խաղում ես երեք-չորս խնդիր, ո՞վ է էդպես անում: Հաշվարկիր, մյուս խնդիրը թող մյուս կադրի համար: Դու կվառվես, ներուժդ կսպառվի»: Խորիկը միշտ փորձել է մի կադրով, մի հայացքով ամեն ինչ ասել: Հայաստանում Խորիկը գրեթե մրցակից չուներ և ամեն ինչ անում էր առանց սեփական ուժերը հաշվարկելու:
Ալեքսանդր Գրիգորյան. Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար
– Խորեն Աբրահամյանն այնպիսի անձնավորություն էր, որը ոչ մի շրջանակներ չէր մտնում: Այնպիսի տպավորություն էր, որ նա՝ լինելով շատ տաղանդավոր, ճիշտ ժամանակին չէր ծնվել: Սովետական շրջանում իշխում էր փոքրիկ, գորշ մարդն ու իր արտացոլումը, հերոսացվում էին բանվորներն ու գյուղացիները, իսկ Խորենը՝ իր և՛ մտավոր, և՛ ինտելեկտուալ, և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր հզորությամբ, այդ շրջանակներում չէր տեղավորվում: Սովետական ժամանակ նա մոդայիկ մարդ չէր: Խաղաց մի անգամ բանվորի դեր, բայց միանգամից պարզ էր, որ դա իր դերը չէ: Խորիկից ի՞նչ բանվոր: Նա մոդայից դուրս էր, ավելի բարձր: Ինձ թվում է, որ նա ինքն իրեն որպես դերասան բարձր չէր գնահատում, ավելին էր ուզում: Ձգտում էր ռեժիսոր դառնալ, երևի թե այն պատճառով, որ իրավիճակի լիակատար տերը դառնա: Անընդհատ ուզում էր ղեկավարել և ոչ մեկի ազդեցության տակ չլինել՝ նույնիսկ որպես դերասան: Հզոր մարդկային ուժը հանգիստ չէր տալիս իրեն, բայց նա կարողացավ մեծ հետք թողնել հայ թատրոնում: Նա կարող էր բեմ դուրս գալ ու պարզապես լռել և լռությամբ շատ բան ասել: Խորիկն ընտրյալ մարդկանց, ինտելեկտուալ դասի հերոս էր: Երբ թաղում էին Խորեն Աբրահամյանին, ես ասացի՝ տեսեք, դագաղում պառկած է թագավորը: Նա այդպիսին էր և կյանքից հեռացավ թագավոր մնալով: Ըմբոստ ու չենթարկվող թագավոր: Մարդիկ սովորաբար սիրում են հասանելի ու իրենց հասկանալի մարդկանց, իսկ Խորիկի մեջ կար որոշակի ժողովրդական անհասանելիություն: Խորենը միշտ բարձունքի վրա էր: Մենք չհասցրեցինք միասին գործ անել, պատրաստվում էինք սկսել «Քինը», բայց Խորիկը հետո որոշեց ինքը և՛ բեմադրել, և՛ խաղալ: Ես հանգիստ ընդունեցի իր որոշումը, բայց, կարծում եմ, հաճախ մի քանի գործ անելը միայն խանգարում էր իրեն: Այդպիսի մարդիկ ընդհանրապես շատ հազվադեպ են ծնվում: Ափսոս, որ նա շատ բան չհասցրեց անել:
Նունե Հախվերդյան
Լուսանկարները` Ֆոտոլուրի