
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիայի ուղեկցությամբ նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով ժամանել է Չինաստան:
ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում: Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահն այսօր, ճաշից հետո, կայցելի Արգելված քաղաք, նաև նախատեսված է երկու երկրների ղեկավարների համատեղ ընթրիքը:
Պաշտոնական ծրագրի հիմնական մասը բաժին է ընկնում նոյեմբերի 9-ին: Անտարակույս, դրա գլխավոր կետը կդառնա Թրամփի հանդիպումը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Բացի այդ, պլանավորված են ևս մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն ամենատարբեր թեմաներ՝ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրից մինչև երկկողմ առևտուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: