Երեկ համացանցում տարածում գտավ լուրը, որ ԱՄՆ տեղափոխված «Արմենոիդս» խմբի անդամ Էդգար Ռոստոմյանն ու կինը` մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, բաժանվել են։ Լուրերի հիմք էր հանդիսացել Էդգարի էջում արված հրապարակումը, որ ինքն ու կինը բաժանվել են։ Tert.am Life–ի հետ զրույցում Էդգարն ասաց, որ հրապարակումն ինքը չի արել։
«Ամիսներ առաջ էլ գրել էի, որ մեր ֆեյսբուքյան էջերը կոտրել են։ Մտածում եմ նոր էջեր բացել։ Ես շոկի մեջ էի։ Էստեղ գիշեր էր։ Ես իմ ընկերներից եմ իմացել, որ նման բան կա։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, մեր միջև նույնիսկ վեճ, անհամերաշխություն չի եղել։ Ես շատ եմ սիրում իմ կնոջը։ Այստեղ շատ հեշտ է էջ կոտրելը»,– ասաց դերասանը։
Դիտարկմանը, որ գրառումը հայերեն էր արված, Էդգարն արձագանքեց. «Վստահ եմ, որ հայի ձեռք է խառնված, որովհետև օտարազգիներին մենք, կոպիտ ասած, պետք չենք։ Կասկածներ ունեմ, սակայն կդիմեմ կիբերհանցագործությունների բաժին։ Թող հետաքննություն անեն և պարզեն` ով է կանգնած այս ամենի հետևում։ Այս ամենի մեղավորները պատասխան են տալու»,– ասաց նա։
Մենք նկատեցինք, որ Էդգարն ու Նադեժդան ընկերներ չեն Ֆեյսբուքում։ Հենց այդ պահին Էդգարը պարզեց, որ ինքը Նադեժդայի սև ցուցակում է։ Փաստորեն, գրառման հեղինակը երկուսի էջին էլ հասանելիություն ունի` հաշվի առնելով, որ Էդգարի էջից հրապարակում է արել, Նադեժդայի էջից ամուսնուն սև ցուցակ գցել։