Երգչուհի Սոֆի Մխեյանը վերջերս է վերադարձել Հարավային Ամերիկայից, ուր Արսեն Սաֆարյանի հետ մեկնել էին համերգների։
Հայաստան վերադառնալուց հետո Սոֆին Tert.am Life-ին է պատմել շրջագայության ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման մասին։
«Սփյուռքի նախարարության կողմից առաջարկ ստացա մեկնել Արգենտինա, Բրազիլիա։ Այնտեղ ամեն տարի փառատոններ են իրականացվում, որի շրջանակում հայ արտիստների են հրավիրում։ Մեծ հաճույքով համաձայնեցի, որովհետև ամեն անգամ չէ, երբ արտիստներս այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն ենք ունենում։ Շատ հեռու է, մեկնելը բավականին ծախսատար է։ Ես ու Արսեն Սաֆարյանը սիրով մեկնեցինք` հանդիպելու տեղի հայ հանդիսատեսին»,– ասաց երգչուհին։
Սոֆին պատմեց, որ Բրազիլիայում անցկացրել են 4 օր, ունեցել 1 համերգ. «Օզասկո քաղաքի եկեղեցու բակում գտնվում էր հայկական համայնքի կենտրոնը, որտեղ անցկացվում էր փառատոնը։ Հյուրերի համար տարբեր զբաղմունքներ կային. կարող էին ճաշել, բակում զբոսնել, դահլիճում մասնակցել համերգին և այլն։ Մոտ 500 հոգի կար, քանի որ Բրազիլիայում հայերն ավելի քիչ են։ Իրենց համար իսկական իրադարձություն էր, որ Հայաստանից մարդիկ են եկել»։
Արգենտինայում Սոֆին ու Արսենն անցկացրել են մոտ մեկ շաբաթ։ Երգչուհու խոսքով` հագեցած գրաֆիկով բազմաթիվ հանդիպումներ են ունեցել. «Արգենտինայում համայնքն ավելի մեծ է, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։ Եղել ենք ծերանոցում, Դերձակյան դպրոցում, համերգ ենք ունեցել եկեղեցուն կից Սալա Սիրանույշ դահլիճում, որին ներկա էին ոչ միայն հայ, այլև արգենտինացի դպրոցականներ։ Արգենտինա հասնելու առաջին իսկ պահից տեղի Հայր Սուրբը մեզ հետ էր, ջանք ու եռանդ չի խնայել մեզ ամեն հարցով օգնելու համար։ Հայր Մաղաքյանը շատ մեծ ներդրում ունի հայ համայնքի միասնականության գործում։ Օգտվելով առիթից` ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իրեն` թե՛ որպես հոգևորականի, թե՛ որպես մարդու` իր տեսակի համար»։
Սոֆին շատ տպավորված է վերադարձել Հայաստան։ Երգչուհուն շատ է ուրախացրել այն փաստը, որ երկրպագուներ ունի հեռավոր Բրազիլիայում ու Արգենտինայում։ «Պիտի անհամեստություն անեմ և ասեմ, որ ճանաչում էին մեզ։ Իրենց արձագանքը շատ ջերմ էր։ Ինձ համար փաստեցի, որ իմ երգերը ճանաչում էին և սիրում։ Դու չես կարող 400 երեխայի համոզել, որ քեզ հետ երգեն։ Եթե երգում են, նշանակում է, լսել են գիտեն ու տպավորված են։ Արտիստի համար դա երջանկություն է։ Այս դեպքում կրկնակի ուրախություն է, որ այդքան հեռվում, Հայաստանից կտրված լինելով հանդերձ գիտեին երգերս։ Իմ «Հայաստանի երգի» ներքո պարային տարբեր խմբեր պարեր ունեին բեմադրած։ Դա ինձ շատ էր ուրախացնում։ Ամեն անգամ, երբ կատարում էի այդ երգը, կարծես, հրավառություն էր իրենց մոտ։ Թեև միշտ ջերմ են ընդունել այդ երգս, հիմա ավելի գնահատեցի և փաստեցի իր ուժը»,– ասաց նա։
Վերադարձից հետո Սոֆին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ներկայացնելու, թե ինչ աշխատանքներ են արել։ «Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը, որովհետև ահռելի աշխատանք են անում։ Այնտեղ հասնելուց հետո ես դա լիարժեք հասկանում եմ։ Վերադարձից հետո հաշվետու հանդիպում ունեցանք, ներկայացրեցինք, թե ինչ ենք արել, որպեսզի տկն Հրանուշն էլ իմանա` ինչ բացթողումներ կան այնտեղ։ Բավականին մեծ ու հետաքրքիր համագործակցություն սկսվեց Սփյուռքի նախարարության հետ։ Կարծում եմ` շարունակական կլինի»,– նշեց երգչուհին։