Հանդիսատեսի կողմից այսպիսի արձագանք վաղուց չէի ունեցել. Սոնա Ռուբենյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հանդիսատեսի կողմից այսպիսի արձագանք վաղուց չէի ունեցել. Սոնա Ռուբենյան. life.panorama.am

Նոյեմբերի 5-ին Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը կրկին համատեղ համերգով ներկայացան, և ինչպես երգչուհին է ասում՝ հանդիսատեսից ետ ստացան այն մեծ սերն ու էներգիան, որը նրանք տալիս են:

Life.panorama.am-ին երգչուհին պատմեց, որ արդեն երկու օր է, ինչ վայելում է համերգից ստացած հաճելի զգացողությունները.

«Նախ պետք է ասեմ, որ մի փոքր վատառողջ էի այդ օրը, փորձերին անդադար հազում էի, բայց միշտ բախտս բերում. հիվանդ, թե առողջ՝ հենց բեմ եմ բարձրանում, կողմնակի ամեն բան անմիջապես մոռանում եմ և տրվում եմ միայն երգին: Պետք է խոստովանեմ, որ հանդիսատեսի կողմից այսպիսի արձագանք վաղուց չէի ունեցել: Նրանք մեզ հետ հավասար երգում ու պարում էին, արդյունքում թե մենք, թե հանդիսատեսը վայելել ենք ամեն մի պահը»,- նշեց նա:

Գարիկի և Սոնայի համերգային ծրագրում ամեն անգամ փոփոխություններ են կատարվում, և այս անգամ էլ բացառություն չի եղել.

«Ամեն համերգին ծրագիրը թարմացվում է: Այս անգամ երկու նոր երգ ունեինք՝ ժողովրդկան «Բինգյոլը», որին Գարիկն իր շատ գեղեցիկ գործիքավորմամբ էլ ավելի հետաքրքիր հնչողություն էր հաղորդել, և ներկայացրինք Էդգար Էլբակյանի «Մորս» երգը, որը մարդիկ կարծես թե շատ-շատ են սիրել»,- նկատեց Սոնան:

Ի դեպ՝ համերգն առանձնահատուկ տպավորիչ է եղել Սոնայի և իր մայրիկի համար: Քանի որ նոյեմբերի 6-ին Սոնայի մայրիկի տարեդարձն է, երգչուհին Գարիկի օգնությամբ հենց կեսգիշերին անակնկալ է մատուցել նրան.

«Գարիկին ասացի, որ ուզում եմ կեսգիշերին շնորհավորել մայրիկիս, նա էլ առաջարկեց Էդգար Էլբակյանի «Մորս» երգը երգել ու նվիրել նրան: Իհարկե, ես ուրախությամբ համաձայնեցի և մայրիկիս հաճելի անակնկալ մատուցեցի: Նա շատ էր հուզվել, անգամ ավելի ուշ խոստովանեց, որ փորձել է իրեն պինդ պահել ու չարտասվել: Ի դեպ՝ պետք է  նշեմ, որ իմ այն համերգներին, որոնց ներկա է լինում ընտանիքս, ինձ շատ ավելի ինքնավստահ եմ զգում»,- նշեց Սոնան:

Մեզ հետ զրույցում Սոնան պատմեց նաև «Մորս» երգը հանդիսատեսին ներկայացնելու նախապատմության մասին. «Լոնդոնում էի, երբ Ստեփան Ղամբարյանն ինձ առաջարկեց երգել իր ընկերոջ՝ Էդգար Էլբակյանի հեղինակած երգը:  Ի դեպ՝ ասեմ, որ Գարիկն ընդամենը երկու օր ուներ գործիքավորումն իրականացնելու համար: Նման իրավիճակ չէինք ունեցել՝ ժամանակը կարճ էր, բայց պետք է անպայման այն կատարեինք: Երգը փորձեցինք «Երգ երգոցի» բեմում, առաջին փորձը եղավ նկարահանումից մի քանի ժամ առաջ: Սակայն երգն այնքան հագեցած էր ու սիրով լի, որ առաջին իսկ վայրկյանից այն սիրվեց: Շնորհակալ ե Էդգար Էլբակյանին մեծ հոգի ունենալու համար, որի շնորհիվ մեզ նման ժառանգություն է թողել: Իրականում այս երգի պարզ բառերի հետևում մեծ փիլիսոփայական միտք է թաքնված»,- հավելեց նա:

Խոսելով իր և  Գարիկն համատեղ նախագծի մասին՝ երգչուհին մանրամասնեց. «Սովորաբար երգավեստում երգիչները սկզբում երգ են թողարկում, ապա տեսահոլովակ, հետո նոր կենդանի համերգ, մեզ մոտ կարծես թե հակառակ պրոցեսն է: Չգիտեմ, տեսահոլովակ, կամ ձայնագրված երգեր, երբ կլինեն, բայց մի բան հաստատ է, մենք անպայման նաև դրանք կունենանք, քանի որ արձագանքները շատ են ոգևորում: Մեր համատեղ համերգները առաջիկայում կշարունակվեն, բայց նոյեմբերի վերջին Սևակ Ամրոյանի հետ կմեկնեմ Կանադա, որտեղ առաջին անգամ հանդես կգամ կանադահայ հանդիսատեսի համար»:

life.panorama.am



Նման նյութեր