Մարդկությունը կարող է վերանալ 2600 թվականին. նման կանխատեսում է արել հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Ըստ գիտնականի՝ Երկրի բնակչությունը կաճի, էներգիայի պահանջը՝ ևս, իսկ մոլորակը կդառնա մեծ, բոցավառվող գունդ: Այս մասին հայտնում է New York Post-ը:
«Այս իրավիճակից կարելի է ելք գտնել միայն բնակության համար այլ մոլորակներ բացահայտելուց հետո»,- նշել է Հոքինգը: Պեկինում անցկացված Tencent WE սամմիթի ընթացքում Հոքինգը նշել է, որ մարդկությունը կարող է միլիոնավոր տարիներ գոյատևել միայն այն դեպքում, երբ բնակչությունը տեղափոխվի այնպիսի մոլորակներ, որտեղ իրենցից առաջ ոչ ոք չի եղել:
Հոքինգը ներդրումային ընկեություններին առաջարկել է միանալ իր Breakthrough Starshot նախագծին, որի շրջանակներում հնարավոր է բացահայտել այնպիսի մոլորակ, որտեղ կարող են ապրել մարդիկ:
Աշխարհահռչակ աստղաֆիզիկոսը հայտնել է, որ իր գտած՝ բնակության համար հարմար մոլորակին Breakthrough Starshot-ի թռչող սարքավորումները կարող են հասնել 20 տարվա ընթացքում, այնինչ տիեզերանավերը կարող են հասնել դրան նվազագույնը 30 տարում:
Ավելի վաղ, Starmus IV Գիտության և արվեստի միջազգային փառատոնի ընթացքում բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հերթական անգամ մարդկանց խորհուրդ էր տվել պատրաստվել, որ շուտով պետք է լքել Երկիր մոլորակը: Ըստ Հոքինգի՝ դա տեղի կունենա մոտակա 30 տարիների ընթացքում:
«Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Երկիր մոլորակը դառնում է շատ փոքր մեզ համար: 30 տարին բավական է՝ Լուսնի վրա բազաներ ստեղծելու, իսկ 50 տարին՝ Մարսը գաղութացնելու համար»,- նշել է Հոքինգը:
Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման և երկրագնդի գերծանրաբեռնվածության խնդիրները կլուծի միայն միջմոլորակային միգրացիան, որն անխուսափելի է մոտ ապագայում: Ըստ Հոքինգի՝ երկրագունդը, այսպես թե այնպես, կործանվելու է: Նրա խոսքով՝ շատ գիտնականներ արդեն գրեթե համոզված են, որ երկրագունդը կոչնչանա կա՛մ աստերոիդի հետ բախման, կա՛մ գլոբալ տաքացման, կա՛մ էլ մարդածին որևէ ֆակտորի պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան