Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստան ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում է տոկոսը ընդհանուր ներկրման մեջ: ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե դա մեծ ռիսկ է պարունակում:
«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ դեռևս կան տարբեր քննարկումներ: Մեր ծառայությունը գործողություններ է իրականացնում իր լիազորությունների շրջանակում ու ուսումնասիրում է շրջանառության գործընթացը»,- ասաց ՍԱՊԾ պետը:
Նրա տեղեկացմամբ, 2018 թվականին ՍԱՊԾ-ը նախատեսել է լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր իրականացնել՝ բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ԳՄՕ-ների մասով: Այդ արդյունքներն ամփոփելուց հետո էլ ծառայությունը կունենա ամբողջական պատկեր՝ վերահսկողության մասով գնահատականներ տալու համար:
Հարցին, թե որքանով է նպատակահարմար թույլ տալ, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքը մուտք գործի Հայաստան՝ ՍԱՊԾ պետը պատասխանեց, որ իրենք գործում են իրենց լիազորությունների շրջանակում:
«Իմ իրավասություններից դուրս է՝ նման սննդամթերքը կգա Հայաստան, թե ոչ: Ես ինքս որպես մարդ, որպես քաղաքացի, բնականաբար, չեմ կարծում, որ ԳՄՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, բայց գիտության մեջ կան քննարկումներ, որոնք դեռ շարունակվում են՝ կապված ԳՄՕ մթերքների վնասական ազդեցության և գյուղատնտեսության տեսանկյունից դրանց արդյունավետության հետ: Այդ վեճը դեռ գնում է, բայց ես որպես քաղաքացի չէի ցանկանա նման ապրանք օգտագործել»,- ընդգծեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ սահմանված է պահանջ՝ իրականացնել ԳՄՕ-ի համար համապատասխան մակնշում: