Երեկոյան ուտելը ոչ միայն հանգեցնում է ավելորդ քաշի, այլև մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման վտանգները: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Experimental Physiology հանդեսում: Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար ճարպերի՝ տրիգլիցերիդների մակարդակն այն առնետների արյան մեջ, որոնց կերակրել են օրվա տարբեր ժամերի:
Առաջին խմբի կենդանիները կերն ստացել են սովորական ռեժիմով, իսկ մյուսներին լրացուցիչ բաժին են տվել քնից առաջ: Գիտափորձի ընթացքում պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ արյան մեջ ճարպերի քանակն զգալիորեն բարձր է եղել: Հետազոտողները նշում են, որ այդ ցուցանիշներն էականորեն մեծացնում են շաքարախտի և սրտի հետ կապված խնդիրների վտանգը:
Գիտնականների տվյալներով՝ առնետների վերաբերյալ ստացված տվյալները կիրառելի են նաև մարդու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել կենսաբանական ժամացույցը և օրգանիզմը սննդով չծանրաբեռնել այն պահին, երբ նրան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: