Երգչուհի Իվետա Մուկուչյանին հաճախ են առանձնացնում՝ որպես հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանացից մեկը։ Իվետան և քույրը՝ Մարիաննան, ներկայացրել են «Մուկուչյան» բրենդը, որը ներառում է փետրավոր ականջօղեր (tribe feathers), ժամացույցներ և «ԱմենաԱմենա» բլուզներ։ Tert.am Life-ը ներկայացնում է բրենդի շնորհանդեսի մանրամասներն ու լուսանկարները։
«Թե ՛ես, թե՛ քույրս ունենք դիզայների կրթություն։ Թեև չենք զբաղվել դրանով, միշտ երազել ենք այդ մասին։ Ես քրոջս ասում էի՝ երբ դառնամ 30 տարեկան, կստեղծենք «Մուկուչյան» բրենդը»,- ասաց երգչուհին, որը, ի վերջո, իրականացրեց վաղեմի երազանքը։
Իվետան շատ ոգևորված է նոր աշխատանքով։ «Շատ լավ զգացողություն է, երբ բրենդդ արդեն գործում է։ Դա պարտավորեցնում է ավելի վստահ անել գործդ։ Ես ինձ դիզայներ չեմ համարում։ Չեմ էլ ուզում գնալ այդ ճանապարհով, որովհետև երաժշտությունն է իմ աշխարհը։ Հայրս ինձ միշտ ասում էր՝ աշխատիր անվանդ վրա, մի օր անունդ կաշխատի քեզ համար։ Հասկացա, որ հիմա է ժամանակը։ Իմ աշխատանքն ինձ բերել է այն կետին, որ կան մարդիկ, որոնք հետևում են ինձ»,- ասաց նա։
Իվետան ու Մարիաննան ներկայացնում են այն հագուստն ու աքսեսուարները, որոնք իրենք էլ կրում են։ «Մենք ոգեշնչվում ենք ճամփորդություններից։ Կարծում եմ՝ կան մարդիկ, ովքեր հետևում են իմ ու քուրիկիս ոճին։ Էքստրավագանտ ճաշակով մարդկանց համար նորություններ միշտ կլինեն ու կավելանան»,- նշեց Իվետան։
Քույրերն իրենց ապրանքանիշը ներկայացրել են ոչ միայն Հայաստանում, այլև Իբիցայում։ Աշխարհի ամենաերիտասարդական հանգստավայրերից մեկը համարվող Իբիցայում քույրերը ներկայացրել են փետրավոր ականջօղերն ու խալաթները։ Իվետան ոգևորությամբ հայտնեց, որ Իբիցայում դրանց վաճառքը բավականին լավ է ընթանում։
Իսկ ահա Հայաստանում նրանք ներկայացրել են ոչ միայն ականջօղեր, այլև բլուզներ ու ժամացույցներ՝ սև, սպիտակ և շագանակագույն երանգների մեջ։ «ԱմենիցԱմենա» կոչվող հավաքածուն ստեղծել Իվետային օգնել է դիզայներ Արամ Նիկոլյանը։
«Արամի հետ ստեղծեցինք մի բան, որը և՛ «իվետական» կլինի, և՛ հարմարավետ երիտասարդների համար»,- ասաց երգչուհին և հավելեց, որ կտորների ընտրությունն էլ հանատեղ են արել։
Երգչուհու խոսքով՝ գնային քաղաքականությունը խելամտության սահմաններում են որոշել. «Գնային քաղաքականությունը փորձում եմ մաքսիմալ առողջ պահել, աշխատում եմ մասնագետների հետ»։