Ամերիկաբնակ երգիչ Հրանտոն մի քանի ամիս Երևանում մնալուց հետո արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն երիտասարդ երգիչը շարունակում է ակտիվ գործել, և նոյեմբերի 11-ին իր իսկ ծննդյան օրը նոր տեսահոլովակ է թողարկել, որի մանրամասների մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:
««Չես գտնի» երգն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իմ կյանքի մի պատմության մասին է: Անկեղծ ասաց, ես չէի ցանկանում հիշել այդ պատմությունը, բայց քանի որ արդեն այս աշխատանքը կա, մի փոքր մանրամասներ կհայտնեմ: Տարիներ առաջ մի աղջկա էի սիրում, բայց երևի հեռավորությունը մեզ բաժանեց, իսկ ավելի ուշ իմացա, որ նա նշանադրվել է և իր ընտանիքն է կազմում: Այս երգի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ եկա Երևան և շատ պատահական տեսա նրան սրճարաններից մեկում: Այդ պահին աննկարագրելի զգացողություններ ունեցա: Նորից վերապրեցի տարիներ առաջվանը: Նրա աչքերում թախիծ զգացի, բայց հույսով եմ, որ նա իրականում երջանիկ է: Մի խոսքով անցած ապրումները կրկին զգալուց հետո, որոշեցի դիմել Լիանա Թորոսյանին ու խնդրեցի, որ իմ պատմությունը երգի վերածի: Արդյունքում ստեղծվեց մի երգ, որն ամբողջովին իմ սրտով էր, այն իսկապես նկարագրում է իմ կյանքը»,- պատմեց Հրանտոն:
Տեսահոլովակի միջոցով ևս երգիչը փորձել է նույն նպատակին հասնել, սակայն որոշ բացառությամբ.
«Տեսահոլովակում ևս կան դրվագներ, որոնք ինձ հիշեցնում են իմ կյանքի այդ հատվածը, բայց դիտմամբ չցանկացա, որպեսզի ճիշտ նկարագրությունը լինի, քանի որ ուզում եմ այդ պատմությունը մոռանալ: Կարծում եմ` եթե իսկապես սիրում ես մարդուն, ապա միշտ պետք է գնաս սիրուդ հետևից, պայքարես ու չթողնես, որ ոչինչ` ճանապարհներ, հեռավորություն, կամ մարդիկ խանգարեն քեզ, պետք է ամեն գնով պահես սերդ, քանի որ առաջին սերը երբեք չի կրկնվում»,- ընդգծեց Հրանտոն:
Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, երգիչը աշխատել է իր հարազատ թիմի հետ միասին.
«Ինչպես միշտ, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Փիրիմասիհին: Տեսահոլովակը նկարահանվել է Սևանում, Դիլիջանում և Երևանում: Նկարահանումները երկու օրից ավել տևեցին, հերոսուհուն էլ ստիպված մեզ հետ մեծ փորձությունների միջով անցկացրինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արդեն երկար ժամանակ է իմ կողքին են ու ամեն հարցում աջակցում են ինձ»,- պատմեց երգիչը:
Հետաքրքարվելով, թե Հրանտոն ԱՄՆ-ում այժմ ինչո՞վ է զբաղված, նշեց.
«Այստեղ կրկին սովորում եմ և նոր մասնագիտություն եմ ձեռք բերում: Նաև ընտանեկան բիզնեսի հարցերով եմ զբաղվում: Շուտով երգչուհի Շպռոտի հետ կմեկնենք Մոսկվա, որտեղ պետք է նկարահանենք մեր «Վույ աման» զուգերգի տեսահոլովակը: Ի դեպ` այդ երգի գործիքավորումը կատարել է Լազզարոն: Այս տարվա հետ կապված ծրագրերս դեռ շատ են, Աստված առաջ` նոր երգեր ու տեսահոլովակներ կրկին սպասվում են: Հիմա բավականին ակտիվ աշխատանքային կյանքով եմ ապրում»:
Ի դեպ` Հրանտոն նշեց, որ իր 24-ամյակի կապակցությամբ հետաքրքիր հավաքույթ է կազմակերպել, որին ներկա են եղել ԱՄՆ-ում բնակվող մի շարք հայտնիներ:
«Անմոռանալի օր եմ ունեցել: Թեև տարեդարձներս միշտ էլ շատ ուրախ են անցնում, սակայն այս անգամ էլ ավելի յուրահատուկ էր այդ օրն ինձ համար, քանի որ նույն օրը կայացավ նաև տեսահոլովակիս պրեմիերան և պաշտոնական կայքիս բացումը: Այդ օրը ներկա էին հարազատներս, ընկերներս և շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Միայն մայրիկիս բացակայությունն էր, որ ինձ մի փոքր տխրեցրեց, բայց նա մեզ միացավ Skype-ի միջոցով: Գիտեք, մի հետաքրքիր բան ասեմ, այս անգամ տարեդարձիս երազանք չեմ պահել, քանի որ այն ինչ պետք է, ես ունեմ, խոսքը ծնողներիս, հարզատներիս ու ընկերներիս մասին է: Հիմա ինձ մնում է միայն ձեռք բերել հանդիսատեսի սերը, որին ես փորձում եմ հասնել»,- ավարտեց ամերիկաբնակ երգիչը: