«Էրեբունի» ԲԿ-ի նեյրովիրաբույժներն ու գինեկոլոգները համատեղ ջանքերով օգնել են հղի կնոջը վերգտնել հոգեկան անդորրն ու վստահությունը, որ իր ու երեխայի առողջությանը ոչինչ չի սպառնում։ Ըստ հիվանդանոցի կայքի հաղորդագրության՝ Հայաստանում առաջին անգամ է իրականացվել հղի կնոջ այսքան բարդ վիրահատություն։
02.10.2017-ին 1986-ին ծնված Գ․Լ․-ն դիմել էր «Էրեբունի» ԲԿ-ի Բարձր ռիսկի հղիների բաժանմունք (ԲՌՀԲ)՝ գանգատվելով գոտկատեղի հատվածում ցավերից, քայլելու հետ կապված դժվարություններից ու աջ ոտքի թմրությունից, նաև կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումից։
Բոլոր անհրաժեշտ կլինիկական լաբորատոր հետազոտությունների անցկացումից հետո գումարվել է կոնսիլիում՝ ծննդօգնության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանի, Նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մամիկոն Եղունյանի մասնակցությամբ։ Ախտորոշումը հետևյալն էր. 29 շաբաթական հղիություն, L5-S1 ողնաշարային սկավառակի ճողվածք, ողնուղեղային խողովակի ստենոզ։ Որոշվել է վիրահատել։
10.10.2017 թ–ին հղի կնոջը տեղափոխել են նեյրովիրաբուժության բաժանմունք, որտեղ Մամիկոն Եղունյանը վիրահատություն է իրականացրել՝ L5-S1 միջողնային սկավառակի սեկվեստրի միկրովիրահատական հեռացում, «ձիու պոչի» դեկոմպրեսիա։ Այդ ամբողջ ընթացքում հղին գտնվում էր գինեկոլոգ Անահիտ Անանյանի դինամիկ հսկողության ներքո։
13.10.2017–ին հղի Գ.Լ.-ն նորից տեղափոխվել է Բարձր ռիսկի հղիների բաժանմունք, որտեղ էլ հենց ռեաբիլիտացիայի կուրս է անցել։