«Կին» միջազգային կինոփառատոնը 14-րդ անգամ մեկ հարթակում կհամախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատոնին կներկայացվի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանում։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը և ժյուրիի անդամ Տատյանա Դանիելյանցը:
«500 դիմում ենք ունեցել տարբեր երկրներից, բայց 60 կինոնկար ենք ընտրել ցուցադրելու համար: Կան մասնակիցներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իսրայելից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Մեքսիկայից, Իրաքից, Կորեայից, Կոսովոյից և այլ երկրներից: Մրցութային ծրագրում Հայաստանը կներկայացնեն կինոռեժիսորներ Անժելա Ֆրանգյանը, Մանե Բաղդասարյանը, Քրիստինա Ղազարյանը»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նշեց Օհանյանը:
Նրա խոսքով` կին ռեժիսորներն իրենց ֆիլմերում հիմնականում անդրադառնում են կանանց հուզող խնդիրներին, հասարակության մեջ իրենց դերին, սակայն շոշափում են նաև պատերազմին վերաբերող հարցեր:
Փառատոնի հիմնման նպատակը ստեղծագործող կնոջ դերը վերաիմաստավորելն է: Այն նպաստում է նաև տարբեր մշակույթների փոխընկալմանը:
Օհանյանը շեշտեց, որ իրենք ցանկանում են ավելի լսելի դարձնել կանանց ձայնը, աշխարհը ներկայացնել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց տեսանկյունից:
«Առաջին անգամ 11 տարի առաջ եմ եղել այս փառատոնին: Ինձ դուր է գալիս կին ստեղծագործողներին աջակցել այս ձևով: Իհարկե, աշխարհի տարբեր երկրներում կան նման փառատոններ: «Կին» կինոփառատոնը հարստացնում է դրանց գունապնակը: Հյուրերի ծրագրում ներկայացնելու եմ նաև իմ կինոնկարներից մեկը»,-ասաց Տատյանա Դանիելյանցը:
Դանիելյանցի խոսքով` տարբեր հայացքների տեր են ժյուրիի անդամները, ինչը շատ կարևոր է: «Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է գնահատում ներկայացված ֆիլմերը: Ես կարևորում եմ կրեատիվությունը, նոր, հետաքրքիր թեմաները: Կան մարդիկ, որոնց համար առաջնային է դերասանների խաղը:
Առաջին հերթին փառատոնը նոր լեզվի փնտրտուք է, զրույց նոր թեմաների շուրջ: Այստեղ փնտրելու ենք նորարարական ֆիլմեր, հետաքրքիր, կարևոր թեմաներ»,-եզրափակեց նա:
Փառատոնն ունի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, հյուրերի ծրագիր, հետահայաց ցուցադրություն` նվիրված իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին, ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու, կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:
Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր: Դրանք են` «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժիսորներ՝ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա, Հայաստան), «Քամին փչում է» (ռեժիսոր՝ Արմինե Անդա, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժիսոր՝ Լեսլի-Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժիսոր՝ Օլգա Վերեմեևա, Ռուսաստան):
Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, կլինեն կլոր սեղան, քննարկումներ:
Մարիամ Օհանյանն ասաց, որ փառատոնի ավարտին կշնորհվի «Լավագույն ֆիլմ» մրցանակը, հատուկ մրցանակ, դիպլոմներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակը, որը տրվում է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից:
Փառատոնի ժյուրիի անդամները բարձրակարգ մասնագետներ են Հայաստանից և արտերկրից: