«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2017» ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխության օնլայն քվեարկությունը կմեկնարկի երեքշաբթի, Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։
Հայրենական արտադրանքի լավագույն ապրանքանիշի համար քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 15–ից 30–ը www.armbrand.am կայքում։
«Մրցանակաբաշխությունն արդեն հինգերորդ տարին է անցկացվում… Սկզբում, երբ նոր էինք սկսել, ամեն ինչի մեջ կասկածում էինք։ Իսկ հիմա մենք դրական փոփոխություններ ենք տեսնում։ 2013 թվականին քվեարկությանը 250 մարդ է մասնակցել, 2014–ին` 354, 2015–ին` 421, իսկ անցած տարի` 650։ Այս տարի մոտ հազար քվեարկող ենք ակնկալում», – ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ քաղաքացիները կարող են հատուկ դաշտում նշել իրենց սիրելի ապրանքանիշերը։
Միրզոյանը հավելեց, որ այս տարի մրցանակներ են հանձնվելու տասը անվանակարգերում. «Շոկոլադ», «Կաթնաշոռ», «Մակարոնեղեն», «Մրգաբանջարեղային արտադրանք` մշակված», «Սառեցված կիսաֆաբրիկատ», «Օրգանիկ մթերք», «Հիգիենիկ միջոցներ», «Տղամարդու ներքնազգեստ», «Ոսկեղեն», «Հանրային սպասարկման ոլորտի կազմակերպություն»։
«Այս հինգ տարվա ընթացքում հասել ենք նրան, որ բիզնեսը սկսել է մեզ վստահել։ Այս տարվանից նախորդ տարիների հաղթող հայտնի ապրանքանիշերի հետ համատեղ Հայկական ապրանքանիշերի միություն ենք ստեղծել։ Մեծ հավանականություն կա, որ մեր սոցիալական նախագիծը մյուս տարվանից բիզնես նախագիծ կդառնա», – հավելեց նա։
Նրա խոսքով` քվեարկության արդյունքներով հաղթող ընկերությունը հավաստագիր է ստանում։
«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը ստանում են դափնեկիր ընկերությունները ապրանքների և ծառայությունների որակի ինքնատիպ նշան է` հիմնված ժողովրդի վստահության վրա: «Ժողովրդական ապրանքանիշ» տիտղոսի շնորհումը թույլ է տալիս ձեռնարկություններին հիրավի համարվել լավագույնը սպառողների կողմից և օգտագործել մրցանակաբաշխության խորհրդանիշը իրենց արտադրանքի փաթեթավորման վրա:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են` «Տաշիր» ընկերությունների խումբը, «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «Armenian Brands» նախագիծը: