Վիետնամի Bkav հետազոտական ընկերության մասնագետներն ստեղծել են դիմակ, որի միջոցով հաջողվել է iPhone X-ում «կոտրել» Face ID
պաշտպանության համակարգը: YouTube-ում հրապարակված տեսահոլովակում փորձագետները ցուցադրել են, թե ինչպես է իրենց հաջողվել շրջանցել սմարթֆոնի պաշտպանությունը:
Դիմակը բաղկացած է 3D-մոդելի դեմքից և սոսնձված աչքերի և շրթունքների լուսանկարներից, ինչպես նաև սիլիկոնային քթից:
Bkav-ի աշխատակիցները տեսահոլովակում միայն ցուցադրում են, թե իրենց ինչպես է հաջողվում դիմակի միջոցով արգելազերծել սմարթֆոնը, բայց ոչ համակարգի սարքաբերման բուն գործընթացը: Հավանաբար, Face ID-ն սկզբնապես սարքաբերված է եղել այդ «դեմքի» ճանաչմանը: Բացի դրանից, չի հաղորդվում, թե քանի փորձ է պահանջվել համակարգը «կոտրելու» համար:
Մասնագետները նշել են, որ դիմակի ստեղծման գործընթացն իրենցից շատ ժամանակ է պահանջել, և ծախսերը կազմել են 150 դոլար (առանց 3D-տպիչի արժեքի հաշվառման):