Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզա»-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» խմբի հայազգի մեներգիչ Սեբուն համատեղ հայմերգային ծրագրով հանդես կգան Երևանում: Համերգը կկայանա նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում: Համերգի կազմակերպիչները խոստանում են՝ ներկաներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում:
«Վիզա»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը:
Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բնորոշ բազմաթիվ տարրերով, հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարը Ջիվան Գասպարյան կրտսերն է:
Համերգին Ջիվանը կատարումներով հանդես կգա ինչպես իր խմբի, այնպես էլ` Հայաստանում և աշխարհում ճանաչում վայելող Սեբուի հետ:
Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլում է ամերիկյան փոփ երաժշտության հետ:
Սեբուն Գրեմմիի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Վույ աման» դուետով: