Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Մամիկոնյան իշխանական տոհմի հայտնի ներկայացուցիչ Մանվել Մամիկոնյանի պատմությունը:
Ուրախությամբ հանձն առ քո մահը քո հարազատ երկրի համար, ինչպես քո քաջ նախնիները, որովհետև, դա արդար գործ է և աստծո կողմից ընդունելի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի վախենաք, համարձակ մեռեք աստվածապաշտ երկրի համար, ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծոն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ։
Հայ զինվորականը հազարամյակներ ի վեր իր մեջ մարմնավորել է հայի պատիվն ու կենսակերպը: Հայոց պատմության մեջ շատ են հայոց զինուժի ներկայացուցիչները, որոնց կերպարը դարեդար հայրենասիրության ու պատվի չափանիշ է հանդիսացել սերունդների համար: Նրանցից մեկն էլ հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:
Մանվել Մամիկոնյանի կյանքի առաջին հատվածի մասին ցավոք, քիչ բան է հայտնի: Նա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հորեղբոր` Վաչէ Մամիկոնյանի որդին էր: Վաչէ Մամիկոնյանը Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ սպարապետն էր, ով զոհվեց պարսից Շապուհ Բ արքայի դեմ մղված ճակատամարտում, իսկ նրա որդիները` Մանվելը և Կոնը (Մամիկոնը) գերվեցին: Համաձայն Փավստոս Բուզանդի` Մանվելը և Կոնը պարսկական զորքի կազմում կռվող հայոց այրուձիի հետ բազում հաղթական ճակատամարտեր են շահել Միջին Ասիայում` քուշանների դեմ կռիվներում:
Քուշանների դեմ տարած մի հաղթական ճակատամարտից հետո պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքան ազատ է արձակում Մանվել Մամիկոնյանին, ով վերադառնում է Հայաստան: Հայոց վեպը պատմում է, որ Մամիկոնյան հաղթանդամ եղբայրները ուղղակի փախել են պարսից գերությունից և Հայաստան հասել ոտքով: Համաձայն ավանդապատումի` ճանապարհին սկսվում է Մանվել Մամիկոնյանի հոդացավը և նրան շալակելով` կրտսեր եղբայր Մամիկոնը օրական տաս փարսախ ճանապարհ է անցնում:
Բնականաբար, Շապուհի քայլը ամենևին էլ մարդասիրությունից չէր դրդված: Այդ ժամանակ հայոց գահին նստած էր Հռոմի հլու-հնազանդ դրածոն` Վարազդատ Արշակունի թագավորը (374-378), ինչը խոչնդոտում էր Շապուհի արևմտյան քաղաքականությանը: Եվ նենգ ու խորամանկ պարսիկը ճիշտ հաշվարկ էր կատարել:
Վարազդատը գահ բարձրանալով` իր մտերիմ զորավար Բատ Սահառնունու դրդմամբ խնջույքի ժամանակ սպանել տվեց քաջ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին` նրան մեղադրելով իր ազգականի` Պապ թագավորի սպանության մեջ: Որքանով էին հիմնավոր Վարազդատի մեղադրանքները` դժվար է ասել, սակայն այդ քայլով, բնականաբար, նա իր դեմ լարեց Մամիկոնյանների հզոր ու ռազմատենչ տոհմին: Եվ Մանվել Մամիկոնյանը վերադառնալով Հայաստան, բնականաբար, պետք է փորձեր վրեժ առնել հայոց արքայից:
Եվ ահա Մանվել Մամիկոնյանը 376 թվականին վերադառնալով Հայաստան` ստանձնում է Մամիկոնյան տոհմի գահերեցությունն ու հայոց սպարապետությունը, ինչը, Մամիկոնյանների մենաշնորհն էր դարեր ի վեր: Մամիկոնյանների պայազատությունը Մանվելն ասանում է առանց ընդհարման, քանզի նրա հորեղբորոդին` Վաչե Մամիկոնյանը, այն կամավոր հանձնում է օրինավոր տիրոջը` Մանվելին: Վարազդատ արքան, բնականաբար չէր կարող ընդդիմանալ դրան, քանզի դրա համար չուներ որևէ լուրջ իրավական փաստարկ:
Ամրապնդելով իր դիրքերը երկրում և իր շուրջը համախմբելով հայոց զինուժը` Մանվել Մամիկոնյանը ընդդիմացավ Վարազդատի հռոմեասեր քաղաքականությանը: Արքայի և սպարապետի միջև հակասությունները գնալով սրվում են: Ի վերջո, գործը հասավ բացահայտ ընդհարման և քաղաքացիական պատերազմի: Սկսելով պատերազմը` Մանվելը նամակ է հղում Վարազդատ արքային.
«Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ` Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար. Մուշեղի հայր Վասակը կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Եվ դուք, փոխանակ մեր ծառայությունների համար մեզ վարձատրելու, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք մեզ, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ Իմ քաջ եղբայր Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու երկրից վռնդեց, որին թշնամիներն անգամ չկարողացան սպանել, դու նենգությամբ բռնեցիր և սեղանին ընթրիքի նստած տեղում՝ խեղդեցիր։
Բայց, ըստ երևույթին, դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի, որովհետև Արշակունիների իսկական վաստակավորներին չճանաչեցիր։ Իմացիր նաև, որ մենք ոչ թե ձեր ծառաներն ենք, այլ ընկերները, անգամ ձեզանից էլ բարձր ենք, որովհետև մեր նախնիները Ճենաց աշխարհի թագավորներ են եղել։ Առաջին Արշակունի թագավորները լավ գիտեին, թե ովքեր ենք մենք և որտեղացի, բայց որովհետև դու իսկական Արշակունի չես, ուստի այդ էլ չգիտես։ Թող ու հեռացիր այս աշխարհից, որպեսզի իմ ձեռքով չմեռնես»։
Վարազդատը պատասխան նամակով դիմում է Մանվել Մամիկոնյանին. «Ես իսկական Արշակունի եմ և իմ նախնի Արշակունիների թագն եմ դրել իմ գլխին և տիրել նրանց աշխարհին, ես իմ հորեղբոր՝ Պապի, վրեժը լուծեցի քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Իսկ դու այս աշխարհից չես, ինչպես ինքդ ես խոստովանում, և քո նախնիները Ճենաց աշխարհից մեզ մոտ են եկել իբրև պանդուխտներ։ Ուրեմն, մի մեռիր քո եղբոր նման, ես պատժելու փոխարեն քեզ ազատ եմ արձակում, ել և գնա քո Ճենաց աշխարհը, ապրիր քո երկրում և այնտեղ թագավորիր։ Եթե չկամենաս գնալ, ապա կմեռնես իմ ձեռքով այնպես, ինչպես Մուշեղը մեռավ»։
Վճռական բախումը արքայական զորագնդերի և Մանվել սպարապետի բանակի միջև եղավ Կարնո դաշտում: Որպեսզի խուսափեն ավելորդ արյունահեղությունից` սպարապետը հայոց թագավորին մենամարտի է հրավիրում` ինչպես վայել է երկու դյուցազուն ասպետների:
Ինքը` հայոց թագավորը, հուժկու ուժի տեր անձնավորություն էր, ով անգամ հաղթել էր Աթենքի օլիմպիական խաղերում կռփամարտից /բռնցքամարտ/: Եվ ահա զորքից առանձնացած` հայոց թագավոր Վարազդատ Արշակունին և սպարապետ Մանվել Մամիկոնյանը ասպետավայել մենամարտով վճռում են իրենց հակամարտության ելքը:
Մենամարտի ժամանակ սպարապետը չնայած վիրավորվում է` արքայի նիզակն անցնում է նրա այտի միջով` փշրելով ատամներից մի քանիսը, սակայն ավելի հմուտ է գտնվում, զինափաթ է անում Վարազդատ արքային, բայց չի սպանում` նիզակի պոչով ծեծելով` հալածական է անում նրան ճակատամարտի վայրից: Երբ արքան փախուստի է դիմում` վրա են հասնում սպարապետի որդիները` Հմայակն ու Արտաշեսը` ցանկանալով սպանել Վարազդատին: Սակայն Մանվել սպարապետը հետ է պահում նրանց` Տիրասպան մի եղեք…
Արքայական զորքը անձնատուր է լինում:
Որպես հայրենատեր սպարապետ` Մանվել Մամիկոնյանը չի հեղում արքայական արյունը: Նման մի գեղեցիկ օրինակ էլ Ձիրավի ճակատամարտում ցուցաբերել էր իր հորեղբորոդին` Մուշեղ Մամիկոնյանը, ով մենամարտում հաղթելով Աղվանից Ուռնայր արքային` մեծահոգաբար բաց թողեց: Հին հայոց ասպետական օրենքներով` զինվորականը չպետք է հեղեր արքայական արյուն, այլ հաղթելով թագակրին` կարելի էր միայն հալածել նրան, ինչն էլ արեց Մանվել սպարապետը` երկրում գրավելով իշխանությունը:
Վարազդատին հալածելուց հետո Մանվել սպարապետը ձերբակալում է Բատ Սահառնունուն և նրան մեղադրելով Մուշեղ Մամիկոնյանի սպանության մեջ` նախ նրա աչքի առջև սպանել է տալիս Բատի որդուն, ապա և գլխատել է տալիս նրան:
Այս պատմությունը եզակի է ոչ միայն իր ասպետական դրսևորումներով: Մենք գործ ունենք Հայաստանում քաղաքացիական պատերազմի դրվագի հետ, ուր պատերազմի ելքը վճռվում է մենամարտով:
Գահընկեց անելով Վարազդատ արքային` Մանվել Մամիկոնյանը հայոց գահ բարձրացրեց Պապ թագավորի երկու մանկահասակ որդիներին` Արշակ Գ-ին (378-390) և Վաղարշակին` Արշակի գահերեցության իրավունքով: Քանի որ Պապի զավակները մանկահասակ էին` նրանց և ողջ պետության խնամակալները դարձան հայոց սպարապետը և արքայամայր Զարմանդուխտը: Իր ազդեցությունը երկրում և արքունիքում ավելի ամրացնելու համար Մանվելը իր Վարդանդուխտ դստերը ամուսնացնում է Արշակ Գ հետ: Սրանով, փաստորեն, Մանվել Մամիկոնյանը դառնում է հայոց աշխարհի փաստացի տիրակալը և ղեկավարը:
Մանվել Մամիկոնյանի կողմից իշխանության զավթումով թվում է` իր նպատակին հասավ պարսից Շապուհ արքան: Սակայն նրա հաշվարկները սխալ էին: Մանվելը ի սկզբանե վարեց անկախ քաղաքականություն և չլծվեց պարսից ռազմական սայլին: Սա բնավ Շապուհի սրտով չէր և պարսից արքան մեծաքանակ զորք ուղարկեց Հայաստան: Պարսիկները սկզբից հաջողության հասան և գրավեցին երկիրը: Սակայն Մանվել Մամիկոնյանը համախմբելով հայոց զինուժը` վճռական հարվածով ջախջախում է պարսկական զորաբանակը և ազատագրում երկիրը:
Սա բացահայտ հարված էր Պարսկաստանին և արդեն Մանվել Մամիկոնյանի մահից հետո Արշակ Գ խույս տալով պարսիկներից` տեղափոխվեց Արևմտյան Հայաստան, իսկ պարսից արքան նրա փոխարեն հայոց գահին բազմեցրեց Խոսրով Դ-ին:
Մեծ հայրենասերն ու անխոնջ մարտիկը մահացավ 384 թվականին: Մահից առաջ նա Մամիկոնյան տան պայազատությունն ու հայոց երկրի սպարապետությունը հանձնեց իր Արտաշես որդուն` նրան պատգամելով հավատարմորեն ծառայել Արշակ Գ-ին:
«Ուրախությամբ հանձն առ քո մահը քո հարազատ երկրի համար, ինչպես քո քաջ նախնիները, որովհետև, դա արդար գործ է և աստծո կողմից ընդունելի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի վախենաք, համարձակ մեռեք աստվածապաշտ երկրի համար, ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծոն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»։
Մահվան մահճում հայոց սպարապետը իր շուրջն է հավաքում հայոց ավագանուն` այր թե կին` հայոց Զարմանդուխտ արքայամոր գլխավորությամբ: Առանց ամաչելու ներկաներից` նա ամբողջովին մերկանում է և ի ցույց դնում պատերազմների ժամանակ ստացած անհարմար սպիները: Նրա մարմնի որևէ անդամի վրա անգամ մեկ դրամի չափ տեղ չկար` որ սպիներով պատված չլիներ:
Անկողնում դիմելով ներկաներին` սպարապետը լացում է. «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն մի վերք տարել եմ քաջությամբ, բայց ինչո՞ւ ինձ բախտ չվիճակվեց պատերազմի մեջ մեռնելու, այլ մեռնել այսպես՝ անասունի պես. ինչո՞ւ ես բախտ չունեցա ընկնել կռիվներում մեր երկրի, մեր երկրի բնիկ Արշակունի տերերի, մեր կանանց ու զավակների, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես պատերազմներում ինձ շատ հանդուգն էի պահում, կարծում էի՝ կընկնեմ հերոսի մահով։ Բայց տեսա՞ք, թե ինչ պատահեց, ինձ վիճակվեց մեռնել վատագույն մահով՝ անկողնում պառկած»: Իսկ վերջում պատգամով դիմում է Արշակ թագավորին.
«Ես ապրել եմ աստծով իբրև ջերմեռանդ քրիստոնյա, ինձ վրա անհուսությամբ ու անկարգ լաց ու կոծ չսարքեք հեթանոսների նման։ Ինձ համար ոչ ոք թող կոծ չանի, մեղապարտ լինի՝ ով անի։ Բայց ես անկարող եմ իմ մահից հետո մեկին սաստել, որ չանի այն, ինչ ես չեմ կամենում։ Ուստի ով ինձ սիրում է, իմ հիշատակի համար թող իմ ուզածը անի։ Պատերազմի մեջ մահից մի վախեցեք, որի մեջ, ցավոք, ես չմեռա, դա էլ, երևի, աստծո կամքն էր»։