«Outdance»-ում չկա լաց, սպանություն, դավաճանություն, բռնություն. Սոնա Մաթևոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Outdance»-ում չկա լաց, սպանություն, դավաճանություն, բռնություն. Սոնա Մաթևոսյան. life.panorama.am

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:

 Սոնա, ուզում եմ մեր զրույցը սկսենք «Outdance» սիթքոմից: Հիմա սիթքոմի երկրորդ եթերաշրջանն է հեռարձակվում «Շանթ պրեմիումի» եթերում: Կպատմե՞ք, թե ինչ է կատարվում երկրորդ եթերաշրջանում:

– Ինչպես և առաջին եթերաշրջանում, երկրորդում ևս Գարիկը ամեն կերպ փորձում է հասնել Էլիզային: Նա հիմա արդեն լավ պարում է, և կարելի է ասել, որ մեծ քայլով մոտեցել է իր երազանքին: Մի խոսքով` «Օutdance»-ում սիրային խառնաշփոթ է, ընկերություն ու պարեր:

– Մասնավորապես կխնդրեմ խոսեք ձեր հերոսուհու հետ կապված զարգացումներից: Ի՞նչ է սպասվում նրան, ի վերջո, իր երազանքին հասնո՞ւմ է:

– Իմ հերոսուհին շարունակում է թաքուն հաճախել պարի: Չէի ասի, որ ինչ-որ կերպ մոտեցել է իր երազանքին, բայց միգուցե դեռ ամեն ինչ փոխվի: Հետագա զարգացումների մասին չեմ կարող խոսել, որովհետև ինքս չգիտեմ, թե ինչ է լինելու:

– Սոնա, սիթքոմի առաջին եթերաշրջանն արդեն ցուցադրվում է «Շանթ»-ի եթերում, հետևաբար ավելի մեծ թվով հեռուստադիտող է այն տեսնում: Ի՞նչ արձագանքներ եք լսել:

– Բացառապես դրական արձագանքներ եմ լսում: Համոզված եմ, որ հեռուստադիտողը միայն լավ, դրական էմոցիաներ է ստանում սիթքոմը դիտելուց: Այստեղ չկա լաց, սպանություն, դավաճանություն, բռնություն, ինչը, չգիտես ինչու, այդքան շատ է այսօր մեր սերիալներում: Շատ ուրախ եմ, որ ներգրավված եմ նման նախագծում, որտեղ աշխատելուց հաճույք ես ստանում: Սիրում եմ «Outdance»-ի ողջ անձնակազմին, բոլորս էլ սիրով ենք անում մեր աշխատանքը, ինչը չի կարող հեռուստացույցից այն կողմ չերևալ և չփոխանցվել հեռուստադիտողին:

 Բացի այս նախագծից, ի՞նչ այլ ծրագրեր ունեք առաջիկայի համար:

– Մի քանի նոր նախագծեր կան, որոնց մասին ոչ թե չեմ ցանկանում խոսել, այլ չեմ կարող: Կգա ժամանակն ու մանրամասնորեն կխոսեմ բոլորի մասին:

– Սոնա, վերջերս «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդման հյուրն էիք: Իրականում, խոհանոցում ինչպե՞ս ձեզ կբնորոշեք, սիրո՞ւմ եք երկար ժամանակ անցկացնել այնտեղ:

– Այո, այդ հաղորդումը շատերն են դիտել, որովհետև արձագանքներն իսկապես շատ էին հաղրդումից հետո: Խոհանոցում շատ ժամանակ պարզապես չեմ կարող անցկացնել, քանի որ տանը քիչ եմ լինում: Իսկ ընդհանրապես սիրում եմ խոհանոցում լինել, մամայիրն օգնել: Կամ, եթե տանը մենակ եմ լինում, ինքս ինձ համար մի բան եմ պատրաստում: Իմ ամենասիրելի կերակուրը, որ հաճախ պատրաստում եմ ինձ համար, ամառային աղցանն է` հեշտ, արագ և համեղ:

– Խոսենք նաև թատրոնից: Ի՞նչ է կատարվում այս պահին թատրոնում, Ձեր մասնակցությամբ, ի՞նչ է սպասվում թատերասեր հասարակությանը:

– Զբաղվածություն ունեմ երկու թատրոններում` «Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում» և «Երևանի պետական տիկնիկային թատրոնում»: Առաջիկայում սպասվում են ամանորյա ներկայացումներ` տարվա ամենաուրախ ժամանակը բոլոր թատրոններում: Իսկ արդեն 2018-ի գարնանը բավականին մասշտաբային նախագիծ է սպասվում, ինչին ինքս սպասում եմ մեծ ոգևորությամբ:

life.panorama.am



Նման նյութեր