Նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց՝ մրցելով Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների հետ:
Այդ խաղերում մեր հավաքականի կազմում իր նորամուտը նշեց «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը: «Armsport.am»-ի հետ զրույցում Իշխանյանը կիսվել է հավաքականում իր առաջին հանդիպումներից ստացված տպավորություններից, ինչպես նաև խոսել է «Գանձասար-Կապանի» ելույթների մասին
-Ի՞նչ տպավորություններ ունես հավաքականում առաջին ելույթներից:
– Հիանալի տպավորություններ ունեմ: Նորամուտիս խաղն էր և երկար էի սպասել այս հնարավորությանը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար երազանք է խաղալ իր երկրի ազգային հավաքականում: Իհարկե, պաշտպանի համար մեծ նպատակ չէ նորամուտի խաղում գոլ խփելը, սակայն ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ:
– Չես կարծու՞մ, որ մի փոքր ուշացած էր նորամուտդ: Հայ երկրպագուների մեծ մասը քեզ երկար էին սպասում հավաքականի կազմում:
– Մարզիչն է որոշում, թե երբ պետք հրավիրի ֆուտբոլիստներին: Նա է ընտրում՝ ում պետք է հրավիրել և որ ժամանակահատվածում:
– Երկու խաղերում տարբեր մարտավարություն կիրառեց Արթուր Պետրոսյանը: Մեր ընտրանին խաղաց թե՛ չորս պաշտպանով, թե՛ երեք: Ո՞ր մարտավարությամբ խաղալու ժամանակ ես քեզ ավելի զգում:
– Ավելի նպատակահարմար է խաղալ չորս պաշտպանով: Ակումբում նույնպես այդ մարտավարությամբ ենք խաղում և այդ դիրքն ավելի հոգեհարազատ է: Տարբերությունը մեծ չէ՝ խաղալ հինգ, թե չորս պաշտպանով: Դա նույնպես մարզիչն է որոշում, թե որ թիմի հետ խաղում ինչպես պետք է կառուցենք մեր պաշտպանությունը:
-Ինչ կտան Հայաստանի հավաքականին այս երկու ընկերական հանդիպումները:
-Կարծում եմ, որ դրական արդյունք կտան: Շուտով խաղալու ենք ազգերի լիգայում և կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ ընտրվել էին նման մակարդակի հավաքականներ: Թե՛ Կիպրոսի հավաքականը, թե՛ Բելառուսի ընտրանին բարձր մակարդակի թիմեր են և միայն լավ արդյունք կտան մեր թիմին:
-Ըստ քեզ հնարավորություն ունե՞նք հաղթելու Ազգերի լիգայում և խաղալու Եվրոպայի առաջնությունում:
-Այո՛, իհարկե: Ունենք շատ լավ հավաքական և շատ լավ ֆուտբոլիստներ: Թիմի առջև դրված նպատակը դա է լինելու: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն էլ նվիրվածությամբ են խաղում, որպեսզի հասնենք հաջողության:
– Հավաքականի երկու հանդիպումներն էլ անցան կիսադատարկ տրիբունաների ներքո: Ինչ կարծիք ունես երկրպագուների նման պահվածքից:
– Կարծում եմ, որ այս հանդիպումներից հետո կփոխվի տրամադրվածությունը հավաքականի հանդեպ: Հույս ունեմ, որ դատարկ տրիբունաներ այլևս չենք տեսնի:
– «Գանձասար-Կապանը» լավ հանդիպումների շարք է անցկացնում: Ի՞նչ նպատակներ են դրված թիմի առջև այս մրցաշրջանում:
– Այս պահին շատ հետ չենք մնում առաջատար «Ալաշկերտից»: Լավ հնարավորություններ ունենք նրանց հասնելու և մեր թիմի առջև էլ նպատակ է դրված դառնալ չեմպիոն: Ամեն ինչ անում ենք, որպեսզի բարձր միավորներով ավարտենք մրցաշրջանի առաջին հատվածը:
– Բավականին վստահ և հաջող ելույթներ ես ունենում: Առաջարկություններ չունե՞ս արտասահմանյան ակումբներից:
– Առայժմ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Վաղ է այդ մասին մտածելը: Այս պահին դեռևս միայն մտածում եմ իմ ներկայիս ակումբի կազմում մրցելույթների մասին:
armsport.am