Երևանի պետական կամերային թատրոնում դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը հուշում են`«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»: Սա թատրոնի նոր ներկայացումն է, որտեղ կանայք քննարկում և բարձրաձայնում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, որոնց մասին առօրյայում հաճախ են կանայք խոսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման հեղինակ Արա Երնջակյանի մտահղացմամբ`աղջիկները համախմբվել և որոշել են ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):
«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման փակ դիտումը կայացել է նոյեմբերի 15-ին, իսկ երեկ աղջիկները ներկայացել են Երևանի պետական կամերային թատրոնի հանդիսատեսին:
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է ներկայացման կայացման, ինչպես նաև գլխավոր նպատակների մասին:
«Պիեսը Արա Երնջակյանի հեղինակային գործն է, ինչպես մեր թատրոնի գրեթե բոլոր գործերը: Նրա ստեղծագործությունները հիմնականում իրենց մեջ կրում են պահի, ժամանակաշրջանի հրամայականներն ու խնդիրները, թեև դրանք նաև դառնում են մնայուն ու համահունչ բոլոր ժամանակներին: Ա. Երնջակյանը պիեսը դեռ մեկ տարի առաջ է ավարտել, որից հետո իր ուսանողների հետ փոքրիկ էքսպերիմենտ արեց, իսկ ավելի ուշ որոշվեց, որ այն պետք է հիմնական կազմի հետ բեմ բարձրացնել»,- նշեց էվան:
Ի դեպ` «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը երկու կազմով կներկայացնեն հանդիսատեսին:
«Ներկայացումը խաղալու ենք երկու կազմով: Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր երիտասարդ դերասանուհիները: Մեր կազմում կլինենք ես, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը: Վերջիններս եղել են Արա Երնջակյանի ուսանողները և հիմա հստակ քայլերով մուտք են գործում թատրոն: Ներկայացման մյուս կազմում զբաղված են Քեթրին Մանասյանը, Հասմիկ Դանիելյանը, Անի Գրիգորյանը (Անի Լուպե) և Հրաչուհի Ամիրյանը»,- նկատեց նա:
Խոսելով ներկայացման նպատակի և խնդիրների մասին` Էվա Խաչատրյանը պատմեց.
«Սա հոռետեսական կատակերգություն է, որը շատ հատուկ է մեր թատրոնին: Մենք բարձրացնում ենք խնդիրներ, որոնք իրականում շատ լուրջ ու կարևոր են, սակայն դրանց մասին մենք չենք խոսում ուղիղ իմաստով, փոխարենը մեզ հատուկ ինտերակտիվ տարբերակով և հումորով ենք դա անում: Այստեղ խոսում ենք կին-տղամարդ հարաբերությունից, բնությունից, որն Աստված իսկզբանե ստեղծել է, բայց մարդն իր միջամտությամբ այլ ուղղություններով է այն տանում: Ներկայացման մեջ հանդիսատեսը շատ տարբեր երևույթներ կտեսնի, որոնցում ամեն մեկը կարող է թե իրեն, թե իր մորը, քրոջը, կամ մեկ այլ կնոջ տեսնել: Այսինքն` ամեն մեկն իր մասնիկը հաստատ կգտնի: Ասեմ, որ մեզ համար շատ կարևոր է նաև հանդիսատեսի կապը, որը ներկայացման մի մասն է կազմում, քանի որ այն ինտերակտիվ է»:
Էվա Խաչատրյանը ուրախությամբ նշեց նաև, որ արդեն իսկ մեծ թվով դրական արձագանքներ է լսել:
«Փակ դիտմանը ներկա էին արվեստի ներկայացուցիչներ, որոնք բավականին լավ արտահայտվեցին ներկայացման մասին: Իսկ ինչ վերաբերվում է հանդիսատեսի արձագանքին, տոմսերը ամբողջությամբ վաճառված են, ինչն արդեն իսկ խոսում է մեծ հետաքրքրվածության մասին: Կարծում եմ` «Չկա տղանարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը երկար կյանք է ունենալու»,- ավարտեց դերասանուհին: