Սեբուն` որդուն Հայաստանում կնքելու և ոստիկանների հետ միջադեպի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սեբուն` որդուն Հայաստանում կնքելու և ոստիկանների հետ միջադեպի մասին. life.tert.am

Երգիչ, երաժիշտ Սեբուն ծնվել է Հալեպում, սակայն արմատներով Հայաստանից է։ Նրա անունը Սեպուհ Սիմոնյան է, նախնիները հայոց ցեղասպանութունից մազապուրծ են եղել և հաստատվել Սիրիայում։ Հիմա Սեբուն բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ էլ ծավալում է իր գործունեությունը։

Երաժշտին Հայաստանում ավելի շատ ճանաչեցին Սիրուշոյի հետ «Վույ աման» զուգերգից հետո։ Այն բավականին լայն տարածում ունեցավ։ Նոյեմբերի 20-ին երգիչը Երևանում համերգ կունենա Ջիվան Գասպարյան կրտսերի և VIZA խմբի հետ։ Մինչև այդ նա լրագրողների հետ հանդիպում է ունեցել, և հայտնել, որ Հայաստանում է ոչ միայն այս համերգի համար։  Tert.am Life–ը ներկայացնում է Սեբուի առաջիկա ծրագրերն ու տպավորությունները Հայաստանից։

«Ես Հայաստանում եմ կնոջս և զավակներիս հետ։ 2 ամիս կմնամ այստեղ։ Միշտ ամռանն եմ եկել Հայաստան`1-2 շաբաթով։ Առաջին անգամ եմ այս եղանակին այստեղ։ Րաֆֆիիս 3 տարի առաջ Հայաստանում կնքեցինք։ Երկրորդ որդուս` Հովանին, ևս ուզում եմ Հայաստանում՝ այս սուրբ հողում, կնքել»,– ասաց երգիչը` հավելելով, որ այստեղ հանդիպումներ կունենա նաև երիտասարդների հետ։

Սեբուն շատ ծանոթ չէ հայաստանյան երաժշտական կյանքին, սակայն վստահ է, որ երիտասարդներին պետք է հնարավորություն տալ։ Այստեղ նա նաև մասնագիտական գործունեություն կծավալի։ Սեբուն շատ է սիրում Կոմիտասին։

«Քանի դեռ այստեղ եմ, պիտի փորձեմ աշխատել երաժշտության վրա, ներշնչվել, ուզում եմ ուսումնասիրություններ անել հայկական երաժշտության, Կոմիտասի մասին»,– ասաց նա։ Երաժիշտը կարող է ոգեշնչվել ամեն ինչից` բնությունը, երկիրը, հայ ժողովուրդը, սերը կարող են ներշնչել նրան։ Ասում է` կյանքն ու արվեստն իրեն համար ներշնչում են երաժշտություն ստեղծել։

Սիրուշոյի հետ համագործակցությունից հետո Սեբուն առայժմ չունի նոր համագործակցություն, սակայն նշեց, որ բաց է համագործակցությունների համար։ «Ես շատ եմ սիրում Տիգրան Համասյանին, ուրախ կլինեմ համագործակցել իր հետ։ Մենք  կապի մեջ ենք, սակայն համագործակցության մասին դեռ չենք մտածել։ Ամեն դեպքում շատ ուրախ կլինեմ, եթե նման հնարավորություն լինի»,– ասաց նա` այսպիսով` նաև հրավեր անելով Համասյանին։

Սեբուն եղել է Արցախում և տպավորված է։ Այս առումով էլ նա բաց է համագործակցության համար։ «Ուզում եմ իմ մասնակցությունն ունենալ Արցախի պայքարին,  ուղղակի չգիտեմ` ինչպես կարող եմ օգնել։ Շատ ուրախ կլինեմ, եթե բարեգործական  համերգներ լինեն, ինձ հրավիրեն։ Սիրով ելույթ կունենամ նաև Հայաստանի մարզերում»,– նշեց նա։

Թե ինչն իրեն դուր չի գալիս Հայաստանում, Սեբուն միանգամից մտաբերեց։ Երեկ ոստիկանների հետ միջադեպ է եղել։ «Տարիներ առաջ շատ ավելի վատ էր, սակայն հիմա էլ է ոստիկանությունը կաշառք վերցնում։ Երեկ նման մի դեպք պատահեց։ Երևի, կբարելավվի ոլորտը»,– եզրափակեց երաժիշտը։

life.tert.am