Հայաստանում անցկացվել է նարդու 26-րդ առաջնությունը: Մրցաշարը տևել է երկու օր և մասնակցել են ավելի քան 200 նարդիստներ:
Ամենագլխավորը՝ վարպետների կարճ նարդու և թիմային մրցաձևերն էին:
Կարճ նարդու վարպետների խմբում պայքարում էին մոտավորապես 60 մասնակից: Այստեղ եզրափակիչ դուրս եկան Հայաստանի կրկնակի չեմպիոն Արթուր Մուրադյանը և Հայաստանի եռակի չեմպիոն, նարդու ֆեդերացիայի ներկայիս նախագահ Խաչիկ Մելիքյանը: 1 ժամ 10 րոպե տևած պայքարում 14:10 հաշվով հաղթել է Խաչիկ Մելիքյանը:
Սիրողականում նարդիստների կարճ մրցաձևում հաղթող է ճանաչվել Արամ Սիմոնյանը՝ եզրափակչում հաղթելով Աշոտ Գևորգյանին: Երկար մրցաշարում պայքարը շատ շուտ անակնկալ կերպով լքել են մի քանի ֆավորիտներ: Հաղթողի կոչումը նվաճել է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Վլադիկ Առաքելյանը:
Զույգերով մրցաշարում հաղթող է ճանաչվել Արմեն Մուրադյան և Հայկ Խաչատրյան զույգը:
Թիմային պայքարում ուժեղագույնն էր «Արարատ-73» թիմը, որի կազմում էին ընդգրկված Խաչիկ Մելիքյանը, Աշոտ Վարդապետյանը և Արմեն Ծատուրյանը: «Արարատ 73»-ը նաև այս տարի հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկությունը և ՀԱՕԿ-ի նախագահի կողմից ստացել էր 1 մլն դրամ պարգևավճար:
Հայաստանի նարդու 26-րդ առաջնության հովանավորը Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն էր, որը մրցաշարի համար սահմանել էր 1.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ:
armsport.am