Շոտլանդական «Ռեյնջերսի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենն այցելել է ակումբի մարզադաշտ երկրի առաջնության 14-րդ տուրի` «Համիլթոն Ակադեմիկալի» հետ խաղից առաջ (0:2):
Հոլանդացի նախկին կիսապաշտպանն «Այբրոքս» մարզադաշտ է այցելել հաշմանդամության սայլակով իր մտերիմ ընկեր` լրագրող Վինսենտ Դե Բրիսի ուղեկցությամբ, հայտնում է «Daily Record»-ը:
Նշվում է, որ 41-ամյա Ռիկսենին մարզադաշտի մոտակայքում դիմավորել են ակումբի հարյուրավոր երկրպագուներ` նրան ողջունելով բուռն ծափահարություններով:
«Համիլթոն Ակադեմիկալի» հետ խաղի երկրորդ րոպեին Ռիկսեին դուրս են բերել խաղադաշտ, որտեղ էլ նրան արդեն դիմավորել են մարզադաշտում հավաքված բոլոր երկրպագուները: Կիսապաշտպանի` խաղադաշտ դուրս գալու ժամանակը խորհրդանշական է. հոլանդացին «Ռեյնջերսի» կազմում հանդես է եկել 2-րդ համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք` 2013 թվականին ֆուտբոլիստը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվել է կողային ամիոտրոֆիկ սկլերոզ: Ռիկսենը շարունակում է պայքարել անբուժելի հիվանդության դեմ:
armsport.am