Երգչուհի Սիրուշոն երեկ մասնակցեց Սեբուի և «Վիզա»–ի երևանյան համերգին, որից հետո հանդիպում ունեցավ լրագրողների հետ։
Tert.am Life-ի դիտարկմանը, որ Սիրուշոն Երևանում, հիմնականում, հատուկ հյուրի կարգավիճակով է մասնակցում համերգներին, ի՞նչ է զգում հայաստանաբնակ հանդիսատեսի հետ հանդիպումների ժամանակ, երգչուհին պատասխանեց.
«Ես Սեբուին էլ էի ասում, թե որքան ջերմ է մեր հանդիսատեսը։ Իսկապես, շատ հաճելի է հարազատ մարդանց համար երգել։ Երևի թե, ընտանիքի պես է դարձել։ Ես մեծացել եմ բոլորի աչքի առջև, մարդիկ տեսել են և ծանոթ են բոլոր երգերիս։ Այնպես որ, շատ ջերմ ու լավ զգացողություններով եմ բեմ բարձրանում։ Առաջին իսկ պահից, երբ տեսնում եմ մարդկանց աչքերը, ինքս էլ եմ հուզվում։ Հաճելի է։ Հուսով եմ, որ մենահամերգի առիթ կունենամ մոտ ժամանակներս»։
Tert.am Life–ի հաջորդ հարցին` աշխատո՞ւմ է այդ ուղղությամբ, Սիրուշոն պատասխանեց, որ ոչ։ «Չեմ ուզում պարզապես ասել այո, որովհետև ոչ։ Հայաստանի համերգի ուղղությամբ դեռևս չի ստացվում աշխատել։ Երևի թե, պատճառն այն է, որ ուզում ես վստահ լինել, որ դա ամենալավն է լինելու։ Այնպես է ստացվում, որ հրավիրում են նաև տարբեր երկրներից և ժամանակը չի բաշխվում ճիշտ կերպով»,– նշեց նա։
Սիրուշոն 3 օր առաջ է վերադարձել Հայաստան, սակայն մի քանի օրից կրկին կմեկնի համերգների։ Կլինի Ավստրիայում, Լիբանանում և այլ երկրներում։
Երգչուհին նաև նոր համագործակցություն ունի Սեբու հետ։ Համերգի ժամանակ նրանք նոր երգ կատարեցին` Սեբուի երգացանկից Have You Ever Hurt Somebody–ը։ Երգչուհին հայտնեց, որ այն պատրաստելու համար ունեցել են ընդամենը 2 օր։ Երգը կձայնագրե՞ն որպես զուգերգ, թե՞ ոչ, երգչուհին դեռ չգիտի։ Ամեն ինչ ցույց կտա ժամանակը։