Երգչուհի, երգահան Ռուզաննա Անդրեասյանը կրկին մայրիկ է դարձել: Ռուզաննան ամուսնուն որդի է պարգևել, իսկ զգացողությունների և անվան ընտրության մասին խոսել է Life.panorama.am–ի հետ:
«Առաջին ծննդաբերության հետ համեմատած` զգացողություններս մի փոքր այլ են, քանի որ տղա եմ ունեցել: Այս պահին երջանկությունս անսահման է, կարծես թե նոր իմաստ ստացավ կյանքս»,- նշեց երգչուհին:
Ռուզաննան և ամուսինը որդուն Դանիել անունն են տվել.
«Իհարկե, պատահական չենք ընտրել տղայիս անունը: Դանիելը մարգարեի անուն է և նշանակում է Աստծո պարգև»,- նկատեց երջանիկ մայրիկը:
Ռուզաննան նշեց, որ դեռևս դժվարանում է փոքրիկին որևէ մեկին նմանացնել.
«Դեռ չենք կողմնորոշվում, թե տղայիս ում նմանացնենք: Ես եղբորս եմ նմանացնում, ոմանք ինձ հետ համաձայն չեն: Երևի թե, դեռ վաղ է նմանացնելու համար»,- պատմեց նա:
Խոսելով ամուսնու և դստեր վերաբերմունքի մասին` երգչուհին նկատեց.
«Ամուսինս անչափ հուզված է և երջանիկ. Ի վերջո տղա երեխա է ունեցել, որը հայ տղամարդու համար երևի ուրիշ զգացողություն է: Դե իսկ մեր աղջիկը` Նատալին, դեռևս չի հասկանում, թե ով է մեր ընտանիքում հայտնվել, բայց մեծ ջերմությամբ է եղբորը վերաբերվում, անընդհատ նրան շոյում ու համբուրում է»:
Նշենք, նաև, որ Ռուզաննա Անդրեասյանը հղիության ողջ ընթացքում չէր խոսում կրկին մայրանալու մասին, հետաքրքրվելով, թե ինչի հետ էր կապված գաղտնիությունը, պատասխանեց.
«Հատուկ պատճառ չկա, պարզապես անիմաստ էի համարում մինչև բալիկիս ունենալը խոսել այդ մասին»: